Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով հիվանդների մահճակալները 203-ն են, որոնցից 131-ը զբաղված են»

Մայիս 21,2020 16:11

«Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կորոնավիրուսով հաստատված դեպքերի կրկնության տեմպ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում կունենանք 11200 դեպք: Մեր խնդիրն է թափը կոտրել»,-այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Արդյոք, ինչպես ավելի վաղ ասել էր նախարարը, մոտենում ենք կես միլիոն վարակակիրների թվին` հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Կես միլիոնի մասով կարող եմ ասել, որ դա հունիսի վերջի կանխատեսում է եղել, բայց նույնիսկ ամենավատատեսական սցենարով, այդքան չենք ունենա: Ես չէի ուզենա նման ռիսկի տակ գնալ՝ երկրի տոտալ փակման, նույնիսկ զինված ուժերի ներգրավմամբ, երբ տներից ընդհանրապես դուրս գալը կարգելվի: Հետեւաբար, բոլորին կոչ եմ անում պահպանել կանոնները»:

Նախարարն ասաց՝ ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, դրա իմաստը չկա, թեստավորվում են ըստ ցուցումների:

Թորոսյանն անդրադառնալով վերակենդանացման բաժանմունքների մահճակալների թվին, ասաց, որ վերակենդանացման բաժանմունքներում ավելի շատ հիվանդ պահելու հնարավորություն կա, սակայն այս բաժանմունքներում միայն կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների թիվն այս պահին ընդհանուր 203 է, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են, օրինակ՝ երեխաների կամ հղիների համար. «Եթե մեծահասակներին պառկեցնելու խնդիր լինի՝ դրանք տասով կկրճատվեն: Այս պահին զբաղված է 131 մահճակալ: Սա նշանակում է ռեզերվները շատ չեն: Ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում, քսանից ավելի օր միջին տեւողությունը: Հնարավոր է գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի, եւ մենք ստիպված կլինենք ամբողջ առողջապահական համակարգը դարձնենք կորոնավիրուսի դեմ պայքարող»:

Թորոսյանը նաեւ ասաց՝ այն հյուրանոցները, որտեղ պահվել են կորոնավիրուսով հիվանդացության կամ կասկածով մեկուսացված անձինք, այդ հյուրանոցներին տրվել է փոխհատուցում, սակայն, ըստ Թորոսյանի, այն հյուրանոցները, որոնք անհատույց են տարածքը տրամադրել, փոխհատուցում չեն ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031