Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «90-ականների սկզբին ՀՀ ԳԽ-ն հայտնվել էր հեղափոխական փոփոխություններ կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ»

Մայիս 21,2020 16:03

1990 թ. մայիսի 20-ին տեղի ունեցան ՀՀ առաջին այլընտրանքային ընտրությունները եւ Գերագույն խորհուրդը ձեւավորվեց որպես Խորհրդային Հայաստանի վերջին ու Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանը, որը, ըստ էության, ձեւավորվեց երկու տարբեր քաղաքական-հասարակական համակարգերի՝ կոմունիստական կուսակցության եւ նոր ժողովրդավարական համակարգի ներկայացուցիչների միջեւ սուր մրցակցական պայքարի արդյունքում: Խորհրդարան մտան կոմկուսի եւ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները:

Հետագայում խորհրդարանը քաղաքական քարտեզի որոշակի փոփոխությունների ենթարկվեց եւ հենց ԳԽ-ում ձեւավորվեցին նոր խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր: Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության Հռչակագիրը, իսկ 1991 թ. սեպտեմբերի 23-ին հաստատեց Անկախության հանրաքվեի արդյունքները: ՀՀ ԳԽ-ն Հայաստանում ձեւավորեց բազմակուսակցական համակարգ, դարձավ իրական քաղաքական քննարկումների ամբիոն եւ Հայաստանում դրեց պառլամենտարիզմի հիմքը: ԳԽ-ն լիազորությունները դադարեցրեց 1995 թ. մայիսի 15-ին:

ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով հրավիրված «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը եւ պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը Խոսրով Հարությունյանը, որ եղել է ՀՀ ԳԽ նախագահ, շնորհավորեց իր գործընկերներին եւ բոլորին այս նշանակալի տարեդարձի առիթով, հույս հայտնեց, որ դեռեւս հնարավորություններ կլինեն ԳԽ պատմական, քաղաքական դերակատարման ավելի խորը վերլուծություններ ներկայացնելու համար: «Ցավում եմ, որ առայսօր թե քաղաքագիտական, թե պատմաբանական հանրությունը ԳԽ-ն առանձնապես լուրջ վերլուծությունների չի ենթարկել: Մենք 90-ականների սկզբին գործում էինք մեր պատմական զարգացման ամենապատասխանատու, գուցե, ամենաբարդ, երբեմն ու շատ դեպքերում մեզնով չպայմանավորված գործոնների ազդեցության տակ գտնվող մի փուլում: Պատմական զարգացումների բերումով, ըստ էության, մենք հայտնվեցինք հեղափոխական փոփոխություններ կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ, երբ պատմական անցում էր կատարվում տոտալիտար տնտեսական համակարգից դեպի ազատական, շուկայական համակարգ: Դա իրական հեղափոխական շրջան էր: Կարծում եմ, որ ԳԽ պատմական առաքելությունը, հենց այդ անցումը քիչ թե շատ սահուն, հնարավորինս անցնցում ապահովել է, որտեղ խոսքը նոր պետական ինստիտուտների, նոր քաղաքական ավանդույթի ձեւավորման մասին էր: Եվ այն արժեքները, որ ձեւավորվեցին Անկախության հռչակագրով, ըստ էության, բոլոր բացթողումներով, սայթաքումներով ու թերություններով, կարծում եմ, մեծ իմաստով կարողացանք ձեւավորել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031