Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի ռեկորդային աճ: Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով էլ` աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 5 միլիոն 100 հազարը, վիրուսի հետևանքով զոհվել է 329 հազար 925 մարդ, ապաքինվել է ավելի քան 2 միլիոնը:
Մայիսի 21-ի դրությամբ՝ տարածաշրջանի երկրներից կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատար է Թուրքիան ՝ 152 հազար 587 մարդ, 1 օրում գրանցվել է հիվանդության 972 դեպք, մահացել է 23 մարդ՝ ընդհանուր 4 հազար 222: Չնայած համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ իշխանությունները հայտարարել են, որ մայիսի 20-ից երկրի սահմանները բացում են արտասահմանցիների համար:
Վիրուսի հետևանքով մահացության ամենաբարձր ցուցանիշն Իրանում է՝ 7183 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է 2436 նոր դեպք՝ ընդհանուր 126 հազար 949 մարդ:
Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 3631 է, մահացել է 43 մարդ:
Կարդացեք նաև
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 8800-ով՝ ընդհանուր 317 հազար 554, 1 օրում մահացել է 127 մարդ՝ ընդհանուր 3099: Այստեղ առաջին անգամ Covid-19-ից բուժված մարդկանց թիվը գերազանցել է նոր վարակվածներինը:
Վրաստանում կորոնավիրուսով հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 721 է, վիրուսի հետևանքով այստեղ մահացել է 12 մարդ, անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 8 նոր դեպք: Երկրի կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը:
Աշխարհում վարակվածների թվով շարունակում է առաջատար մնալ Միացյալ Նահանգները, միևնույն ժամանակ Բրազիլիան նոր դեպքերի քանակով առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսում 32 հազար վարակված կա: Ուկրաինայում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 19 հազար 700, կարանտինն աստիճանաբար մեղմացվում է: Մայիսի 25-ին Կիևում կսկսի գործել մետրոպոլիտենը, կբացվեն սահմանները Մոլդովայի և Եվրամիության երկրների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ