Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում իշխանություններին այլ բան չի մնում անել, քան 213 հոդվածի փոփոխությունն ընդունել ԱԺ-ի կողմից». Դանիել Իոաննիսյան

Մայիս 21,2020 15:18

«Ողջունելի է իշխանության ցանկությունը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, որովհետեւ եկեք արձանագրենք, որ ՀՀ սահմանադրությունը, որը շատ վատն է, կեղծված հանրաքվեով անցած է եւ դրա լեգիտիմ լինելը նույնիսկ չի էլ քննարկվում, բայց հիմա դա է ու այդ Սահմանադրությամբ ենթադրվում է, որ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն 12 տարի ժամկետով, նախագահը՝ 6 տարի ժամկետով եւ անցումային 213 հոդվածով այդ տրամաբանությունը խախտվում է եւ այդ տրամաբանության վերականգնմանն ուղղված իշխանությունների ջանքերը ողջունելի են»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Նա ասաց, որ շատ ողջունելի կլիներ, որ հարցը հանրաքվեով լուծվեր ու 7-րդ գլխում առկա խնդիրները վերացվեին, որոնք խոչընդոտում են վեթինգին: Բայց ԱԺ-ն հանրաքվեի հանեց միայն 213 հոդվածը՝ միայն ՍԴ-ի հետ կապված՝ շրջանցելով մյուս դատարանների հարցը: Այնուամենայնիվ, հանրաքվեն չի լինի, դա արդեն ակնհայտ է, որովհետեւ դա իրականացնելու ոչ միայն սահմանադրական խոչընդոտ կա, այլ նաեւ համաճարակային. «Այս իրավիճակում իշխանություններին այլ բան չի մնում անել, քան 213 հոդվածի փոփոխությունն ընդունել ԱԺ-ի կողմից: Դրա համար պետք է փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում, հանրաքվեն չեղարկեն, բայց, ցավոք, ԱԺ-ն 7-րդ գլուխը չի կարող փոխել. այն խոչընդոտները, որ կան մյուս դատավորների վեթինգի համար, չեն կարող անել»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, ակնհայտ շահերի բախում կա, չի կարող դատավորն ինքն իրեն դատել. «Ակնհայտ է, որ ՍԴ մոտեցումը 213-րդ հոդվածի փոփոխության հետ կապված չի կարող անաչառ լինել ու, այսպես ասած, «բլոկ» է արվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031