Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի, կհանեի թեկնածությունս». Արցախի ԱԺ-ում մթնոլորտը փոքր-ինչ լարվեց

Մայիս 21,2020 15:02

Արցախի նորընտիր՝ 7-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստում այսօր մթնոլորտը փոքր ինչ լարվեց այն ժամանակ, երբ մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք»-ի կողմից ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Սեւակ Աղաջանյանին հարցեր հղեցին:

Նախ, «Արդարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը հետաքրքրվեց. «Ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ: Առկա օրենսդրական բացերի համար ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում»: Սեւակ Աղաջանյանը պատասխանեց. «Փոփոխությունների մեծ աշխատանք կա կատարելու, որին կանդրադառնանք առաջիկա նիստերում»:

Հիշեցնենք, որ «Արդարություն» կուսակցության կազմակերպած միջոցառման առթիվ քրեական գործ է հարուցվել:

Կարեն Հովհաննիսյանը պնդեց հարցը. «Երեք պատգամավորների հանդեպ քրեական գործ է հարուցվել: Եթե ընտրվեք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու՝ այդ օրենսդրական բացերը շտկելու համար»: Սեւակ Աղաջանյանը պատասխանեց. «Առայժմ չեմ կարող ասել»:

Ապա «Ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Դավիթ Մելքումյանը (լուսանկարում) հարցրեց. «Նախատեսո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումներ անել»: Սեւակ Աղաջանյանն արձագանքեց. «Իհարկե, սահմանադրական փոփոխությունների կարիք կա, բայց առայժմ ես չեմ կարող նշել: Աշխատանքի ընթացքում կկատարենք»:

Հարցուպատասխանի վերաբերյալ ելույթ ունեցավ խորհրդարանական մեծամասնությունը կազմող «Ազատ հայրենիք» դաշինքի պատգամավոր Հովիկ Ջիվանյանը՝ նկատելով, որ սա առաջին նստաշրջանն է, եւ անգամ փորձառու պատգամավորները որոշ հարցերի պատասխաններ չեն կարող այս պահին տալ. «Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները…ինձ մի քիչ վատ եմ զգում: Բոլորդ էլ ունեք օրենսդրական նախաձեռնության լիազորություն: Հանձնաժողովի նախագահը բոլոր առաջարկների համակարգողն է: Բարիդրացիական պետք է լինենք իրար հանդեպ գոնե առաջին նիստում, անձնական բաները մի կողմ դնենք: Իսկ հետո կողմ եմ կոշտ հակադրություններին: Հատկապես քեզ եմ դիմում, պարոն Մելքումյան»:

Մելքումյանը հակադարձեց Ջիվանյանին. «Չեմ կարծում, որ որեւէ մեկը փորձում է ատելության խոսք ստեղծել: Մենք միշտ ենք կոչ արել, որ այս ամենը հարթ ու խաղաղ լինի, բայց ԱԺ-ն կարեւոր քաղաքական հարթակ է: Եթե իմ թեկնածությունն առաջադրվեր որեւէ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ու եթե ես գտնեի, որ պատրաստ չեմ դրան, կհրաժարվեի: Գիտակցելով պատասխանատվությունը՝ ես իմ թեկնածությունը կհանեի»:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին ասաց՝ արտառոց բան չկա, եւ գործընկերներին վիրավորելու կարիք էլ չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031