Այս պահին կորոնավիրուսով վարակվածներին բուժող կադրերի խնդիր ունենք: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նկատեց՝ կադրերի խնդիր որոշակի մասնագիտությունների գծով միշտ է եղել. «Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգներին է վերաբերվում: Նրանց դեֆիցիտը եղել է մինչ կորոնավիրուսային իրավիճակը, այսօր էլ կա: Փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաեւ մտածում ենք՝ ինչպես անել, որպեսզի բուժաշխատողները կարողանան արժանավայել հանգիստ ունենալ, քանի որ նրանք չեն կարող անընդմեջ աշխատել: Նրանք պարզապես կհյուծվեն, դա ե՛ւ իրենց առողջությանը վտանգ կսպառնա եւ այն հիվանդներին, որոնց հսկում են»:
Թորոսյանի խոսքով՝ մի տարբերակ կա նրանց օգնելու՝ բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորներն են՝ ռեանիմատալոգիայի 2-րդ եւ 3-րդ կուրսի. «Մենք վաղը մոտ 60 հոգու համար հեռավար դասընթաց ենք իրականացնելու, որպեսզի նրանց հետագայում կցենք այս պահին գործող ռեանիմացիոն ծառայություններին, որպեսզի օգնեն ավագ գործընկերներին: Բայց, միեւնույն է, կադրերի խնդիր կա, եթե բռնկումը շատանա եւ ստիպված լինենք ավելի շատ քաղաքացիների բուժել, միեւնույն է, բժիշկների կարիք ունենալու ենք, ինչպես աշխարհի բոլոր երկրներում»:
Կրկնակի վարակվածների մասին էլ Թորոսյանն ասաց՝ կրկնակի վարակման դեպքերի մասին ինքը երբեւէ չի նշել. «Ես ասել եմ՝ եղել են կրկնակի դրական թեստի դեպքեր: Միջազգային մակարդակի հետազոտողները հանգել են նրան, որ դրանք ոչ թե կրկնակի վարակակիրներ են, այլ պարզապես վիրուսի մասնիկները երկար են մնացել նրանց օրգանիզմում, սակայն նրանք վարակակիր չեն, որովհետեւ ակտիվ գործող վիրուս նրանց օրգանիզմում չկա: Հետեւաբար այս պահին նման դեպքերի քանակ չեմ կարող նշել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ