Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական ճգնաժամը ես տեսնում եմ Սահմանադրության մեջ». Արթուր Սաքունց

Մայիս 21,2020 14:45

«Հիմնական ճգնաժամը ես տեսնում եմ Սահմանադրության մեջ: Այն Սահմանադրությունը, որը մենք հիմա, չգիտես ինչու, համարում ենք գործող, այն պայմաններում, երբ 2015-ին դա համարում էինք պարտադրված՝ թե՛ ընդունման տեսակետից ոչ լեգիտիմ, որովհետեւ բազմաթիվ խախտումներով է ընդունվել, թե՛ բովանդակային առումով, որովհետեւ հակասում է ժողովրդավարական պահանջներին, ինձ համար շատ տարօրինակ է ենթադրել, որ այդ Սահմանադրության տրամաբանությամբ ձեւավորված իրապես ոչ լեգիտիմ ՍԴ-ն պետք է ընդունենք»,- այսօր ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկմանն ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, կորոնավիրուսին հղում անել եւ բոլոր խնդիրները պայմանավորել կորոնավիրուսով, ճիշտ չէ: Չպետք է կորոնավիրուսը սահմանափակի իրավական, ժողովրդավարական պետության զարգացումները: Սաքունցն ասաց, որ իշխանությունները իրավական մանիպուլյացիայով Հրայր Թովմասյանին կարգեցին ՍԴ նախագահ՝ ենթադրելով, որ իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ Մելիք Ադամյանով է անցնելու. «Այդ դիսկուրսի տերերը հեռացված են իշխանությունից, բայց մեր կյանքից հեռացված չեն այդ դիսկուրսի մասնակիցների կողմից մեզ պարտադրված սահմանադրական կանոնները: Ես տարօրինակ եմ համարում, որ այս ՍԴ-ն կարող է օրենքները գնահատել՝ ըստ ոչ լեգիտիմ Սահմանադրության տեսանկյունից: Մենք համարում ենք լեգիտի՞մ այս Սահմանադրությունը»:

Հետո Սաքունցն ասաց, որ կորոնավիրուսը հետաձգեց հանրաքվեն, բայց մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ կորոնավիրուսը չէին դիմում Վենետիկի հանձնաժողովին: Հաջորդ հարցը հետեւյալն է՝ ՍԴ-ն լեգիտիմ չի, բա դատական համակարգը լեգիտի՞մ է: Հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր ոչ թե առնչություն ունեն ՍԴ-ի հետ, այլ գործ ունեն դատական համակարգի հետ, որի նկատմամբ վստահությունը շատ ավելի ցածր է կամ նույն մակարդակի ցածր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031