Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրաքվեն միգուցե վիճակված է տապալման, այդ պատճառով էլ իշխանությունները մտահոգություն ունեն եւ փորձում են հարցը կրկին տեղափոխել ԱԺ տիրույթ». Աննա Կոստանյան

Մայիս 21,2020 14:33

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու մարտավարությունը փոխվում է: Ինչպես հայտնի է, իշխանությունները նախատեսել էին հանրաքվե անել, սակայն հանրաքվեն հետաձգվել է՝ կորոնավիրուսի պատճառով: Կառավարող ուժը որոշել է հանգուցալուծման այլ տարբերակներ գտնել, ու հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին:

Այսօր «Հոդված 3» ակումբում այս թեմայով կազմակերպված առցանց քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ կանխատեսումները հուշում են, որ կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է տեւել 1 տարուց ավելի, բայց մյուս կողմից էլ սահմանադրական ճգնաժամը լուծել է պետք, եւս մեկ-երկու տարի այսպես շարունակել՝ նշանակում է չունենալ գործող ՍԴ. «Ես նկատի չունեմ, թե այս ՍԴ-ն դե յուրե չի: Խնդիրն այն է, որ մենք չունենք ՍԴ, որ երբ որոշումներ է կայացնում, թեկուզ քաղաքական մեծամասնության սրտով, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պետք է համոզված լինեն, որ իրենց որոշման մեջ ենթատեքստ չկա, իրենք այդ որոշումը կայացրել են հանուն ՀՀ-ի, ոչ թե նախորդ իշխանություններին, իրենց նախկին գործընկերներին սպասարկելու նպատակով: Խնդիրը օբյեկտիվությունն է: Երբ ՍԴ-ն որոշում է կայացնում, ես համոզված չեմ՝ իրենք այդպես են որոշել, որովհետեւ Սահմանադրությո՞ւնն է այդպես պահանջում, թե՞ ցանկացել են լավություն անել մեկին»:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ արդարադատության նախարարը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, որի պատասխաններին են սպասում. «Մեր հետագա քայլերի տրամաբանությունը այդ պատասխաններով պետք է պայմանավորված լինեն: Միջազգային փորձը, փորձագետների կարծիքները, ամեն ինչ հաշվի առնելով՝ մենք պետք է գնանք խնդրի լուծմանը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ եթե գտնում են, որ ՍԴ-ում գոյություն ունի ճգնաժամ, պետք է մատնանշեն, թե մասնավորապես ճգնաժամ ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. «1995-ին ընդունված Սահմանադրությունից հետո մայր օրենքը 2 անգամ խմբագրվել է եւ 3 տեքստերն էլ այլ մոտեցումներ են ունեցել ՍԴ-ի ձեւավորման եւ դատավորների պաշտոնավարման, վերջիններիս համար նախատեսված պաշտոնների մասով: Սահմանադրության տեքստի նոր խմբագրությունը որեւիցե կերպ չի կարող ենթադրել, որ նախկին խմբագրությամբ ընտրված դատարանը պետք է արձակել կամ հակասահմանադրական հռչակել»:

Ըստ Աննա Կոստանյանի, պետք է մատնանշել, թե ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելը ինչով է պայմանավորված. «Իմ պատկերացմամբ, վերջին մի քանի օրերին շրջանառվող այս թեզը, որ կա հնարավորություն, որ հանրաքվեն չեղարկվի եւ հարցը կրկին տեղափոխվի ԱԺ քննարկման տիրույթ, ըստ էության, ես հակված եմ կապել այն հանգամանքով, որ հանրաքվեն միգուցե վիճակված է տապալման, այդ պատճառով էլ իշխանությունները մտահոգություն ունեն եւ փորձում են հարցը տեղափոխել ԱԺ տիրույթ: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Սահմանադրության 202 հոդվածը նախատեսում է, թե սահմանադրության որ հոդվածներն են ենթակա փոփոխման եւ ԱԺ-ի տիրույթում: Մենք պետք է զգուշորեն վարվենք այս հարցի հետ, որովհետեւ այս հարցը ԱԺ-ում դնելով քվեարկության՝ մենք կարող ենք խախտել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ հակակշռման եւ փոխզիջման մեխանիզմը եւ բալանսը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031