Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա շրջադարձային, աննախադեպ նախագիծ է մեր պատմության մեջ:
«Ճգնաժամի մեկնարկին մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել եւ 80 միլիարդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր»,-ասաց նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ֆինանսական աջակցության պայմանները՝ նշելով, որ իրենք աջակցում են պայմանով. «Որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաեւ մասնավոր հատվածի՝ մի քանի անգամ գերազանցող ներդրումներ անելով: Առաջին՝ այս աջակցության ծրագիրը կառավարության կողմից հաստատված է 50 միլիարդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ, եւ սա առաջին հինգ միլիարդի հատկացման վերաբերյալ որոշումն է»: Ըստ պարոն Խաչատրյանի, որքան կառավարությունն է ներդրում անում, այդ չափով էլ ներդրողը պետք է ներդրում անի: Բայցի այդ, պայմանն է, որ որքան կառավարությունը մասնավոր ներդրողի հետ ներդրում իրականացնի, այդքան էլ վարկային ռեսուրսներ ներգրավվեն. «Նշանակում է՝ գործում է 1+1+2=4 բանաձեւը: Հաջորդ պայմանն այն է, որ այն ներդրումները, որոնք կկատարվեն կառավարության կողմից, պետք է առաջացնեն կազմակերպության սեփական կապիտալի ավելացմամբ»:
Նախարարի խոսքով՝ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ այս նախագծի նպատակը ներդրումները խթանելն է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ