Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալացման նախորդ կառուցակարգերն իրենց սպառել են, քաղաքակրթությունը միանգամայն նոր երանգներ է ձեռք բերելու. Ջուլիետա Թադևոսյան

Մայիս 21,2020 14:26

«Մեծ կորստի տարիներ»… ապագա սերունդներն այսպես կանվանեն 2020-2021թթ․, երբ ամբողջ աշխարհն ընկղմվեց առողջապահական, սոցիալական, տնտեսական միաձույլ ու խորը ճգնաժամի մեջ:

ՆԱԽԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄՏՈՐՈւՄՆԵՐ

 2020թ.  աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն իրենց առկա և սպասվող հետևանքներով ժամանակակիցները համեմատում են «Մեծ դեպրեսիայի» տարիների հետ, երբ ազատական տնտեսական կառուցակարգերն այլևս ի զորու չեղան շարունակել իրենց «հաղթարշավը»։ Հետագայում տնտեսության կարգավորման գործում կարևորվեց պետության միջամտությունը․ «lasser faire»-ն իր դիրքերը փոքր-ինչ զիջեց, սակայն դա էլ չարդարացրեց իրեն, վկան 70-80-ականների վառելիքա-էներգետիկ ճգնաժամերն էին։

Արդ,  հետագայում նման իրավիճակներում ինչպիսի՞ լուծումներ փորձեցին գտնել աշխարհի հզորները․ հաղթեց ամերիկյան քաղաքականությունը, մշակույթը, տնտեսական կառուցակարգը, այլ կերպ ասած՝ ամերիկյան գլոբալացումը։

Ուշագրավն այն է, որ պատմական զարգացումներում ակնթարթ համարվող ժամանակահատվածում համաշխարհային մրցակցային դաշտում մնացին երկու ախոյաններ՝ ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ։ Եվ որքան էլ ԱՄՆ-ը երկար ժամանակ գլոբալացման միակ առաջնորդն էր, այդուհանդերձ, նա աստիճանաբար  դարձավ գլոբալացման «թույլ օղակը»՝ անկարող լինելով անվերջ պահել դրա դինամիկան: Ծագեցին նաև նոր հարցադրումներ՝ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությո՞ւն, թե՞ պրոտեկցիոնիզմ, միգուցե այս երկուսի «ոսկե միջի՞նը»։ Ավելին, հետզհետե է՛լ ավելի սկսեցին անհանգստացնել գլոբալ հիմնախնդիրները՝ ժողովրդագրական, մասնավորապես հին արդյունաբերական երկրների գլոբալ ծերացման, ասիական երկրների ժողովրդագրական երիտասարդացման, պարենային, աղքատության, էկոլոգիական։

Բազմաբևե՞ռ, երկբևե՞ռ, թե՞ միաբևեռ աշխարհ

Այսօր կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակն արագացրեց մարդկային քաղաքակրթության մերօրյա զարգացումների առջև դրված վերոնշյալ հարցերի պատասխաններին ուղղված փնտրտուքը: Ավելին, կորոնաճգնաժամն արագացրեց մրցակցող կողմի՝ Չինաստանի  հավակնությունները, այն է՝ վերափոխել նույնիսկ համաշխարհային ֆինանսական շուկան կրիպտոյուանների թողարկման շնորհիվ, ինչը բացառապես միտված է էլեկտրոնային վճարումների շուկայից ամերիկյան դոլարի աստիճանաբար դուրսմղմանը: Կարծես թե, իրոք, նոր իրողությունների շեմին ենք: Չնայած  որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ կորոնավիրուսի շնորհիվ Չինաստանի կողմից ձեռնարկված «Դիմակային դիվանագիտությունը»  ձախողվեց,  այսուհանդերձ, ես կարծում եմ՝ ոչ:

Չինաստանի «Դիմակային դիվանագիտությունը» հաջողեց

Բավական է արձանագրել, որ այսօր համաշխարհային տնտեսության մեջ գերհզոր երկրների մրցապայքարին զուգահեռ, ոչ պատահականորեն, կարճ ժամանակահատվածում աշխարհի գրեթե բոլոր երկրները հայտնվեցին առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերի միաձույլ տիրույթում: Վտանգվում է տնտեսական վարքագիծը, առողջապահական ճգնաժամն էապես ազդում է տնտեսական ակտիվության վրա: Համաճարակի հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ ՀՆԱ-ի անկումները, ըստ ԱՄՀ-ի, զարգացած երկրներում կանխատեսվում է՝ -6,1%, զարգացող երկրներում՝ -1,0%, 2019թ. համապատասխանաբար՝ 1,7% և 3,7% աճի համեմատությամբ: Իսկ աշխարհում կանխատեսվում է -3% անկում՝ կանխատեսված 2,9% աճի դիմաց: Չինաստանի համար կանխատեսումները դրական են՝ 1,2%՝ 2019թ. 6,1% աճի դիմաց: ԱՄՆ-ում անկումը կկազմի -5,9%, Եվրագոտում՝ -7,5%։ Իհարկե, կանխատեսումներում լուրջ անորոշություն կա, սցենարն իրատեսական է, եթե տնտեսության աշխուժացումը սկսվի 2020թ. երկրորդ կեսից:

Տնտեսական խորը ցնցումներին դիմակայելը պահանջում է երկրների կառավարությունների կողմից հարկաբյուջետային, դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հասցեական միջոցառումներ: Արձանագրենք միայն այն փաստը, որ զարգացած երկրները ստեղծված իրավիճակը հաղթահարելուն տրամադրել են իրենց ՀՆԱ-ի 3,6%-ից՝ Հունաստանում մինչև Գերմանիայում՝ 51,9%: Հարկաբյուջետային փաթեթներն իրականացվում են  անհատույց դրամական օժանդակությունների, հարկային արձակուրդների, վճարումների հետաձգման, վարկերի համաֆինանսավորման, սուբսիդավորման և այլ գործիքների միջոցով: Նշենք, որ հիշյալ և դրան հաջորդող միջոցառումներն ուղղված են հետճգնաժամային իրավիճակներում կայուն և դիվերսիֆիկացված աճ ապահովելուն, տնտեսությունների վերականգնմանն արագություն հաղորդելուն, քանի որ ակնհայտ է մոտ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսական անկումը:

Այսուհանդերձ, համաշխարհային ռեցեսիան շարունակում է ուղեկցվել վիրուսի տարածմամբ, տնտեսության կանգառով, կապիտալի արտահոսքով, հումք արտահանողների համար՝ «գնային շոկերով», ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի կտրուկ նվազմամբ:

 Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ

Բնականաբար չուշացան միջազգային կառույցների, ինտեգրացիոն խմբավորումների, գերտերությունների արձագանքները:

Այսպես, 2020թ. մարտի 17-ին ՀԲ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց 14մլրդ դոլար հատկացնել առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման նպատակով: Նախատեսվում է նաև  160մլրդ դոլարի ֆինանսական օգնություն՝ 15 ամիսների ընթացքում խիտ բնակեցված և առողջապահական ոլորտի զարգացման ցածր մակարդակով այն երկրներին, որտեղ ակնհայտ է աղքատությունը, տնտեսության վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների սակավությունը և այլն: Առանձնապես ուշագրավ է ՀԲ-ի և ԱՄՀ-ի կառավարիչներ Դ. Մալպասի և Ք. Գեորգիևնայի համատեղ հայտարարությունը երկրների արտաքին պարտքի հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես  նշվում է՝ դադարեցնել ցածր եկամտով երկրների կողմից արտաքին պարտքերի մարման գործընթացները: Հայտարարությանը հավանություն են տվել նաև G7 և  G20 երկրների ֆինանսների նախարարները և առաջարկել  միավորվել ընդհանուր պայմանների համաձայնեցման շրջանակներում՝ դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին, որոնք պահանջում են վճռական, հավաքական և նորարարական միասնական ու բազմակողմանի համագործակցություն:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԵՐԾ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԻՑ

Բավական է միայն նշել ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակումը՝ 2020թ. մարտի մակրոտնտեսական ցուցանիշները 2019թ. մարտի համեմատությամբ: Արդյունքներն անհանգստացնող են և COVID-19-ի երկարաձգման արդյունքում առավել անհանգստացնող կդառնան:

2020թ. տարեվերջին ՀՀ ՀՆԱ-ի կանխատեսումների տարբեր սցենարներ են շրջանառվում, որոնց համաձայն՝ այն կարող է կազմել -3,9%, -3,5%, ըստ պաշտոնական կանխատեսումների՝ -2% և այլն:  Փոփոխություններ կատարվեցին ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքում, որի համաձայն՝ բյուջեի պակասուրդը կկազմի ՀՀ ՀՆԱ-ի 5%-ը: Բնականաբար ակնկալվող ռիսկերն ակնհայտ են՝ կապված պետական պարտքի ծավալների աճի, արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների հետ: Ոչ պակաս անհանգստացնող ու ռիսկային են արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը, մասնավորապես՝ սպասվող եկամուտների կրճատման, արտաքին պահանջարկի նվազման և առհասարակ երկրների՝ ազգային տնտեսական անվտանգության շահերից բխող վերանայումների և վերադասավորումների շրջանակներում: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի առևտրային խոշոր գործընկեր երկրներում՝ Ռուսաստան, Չինաստան, Եվրամիություն, Իրան, ԱՄՆ, Նիդերլանդներ, տեղի ունեցող համանման գործընթացներն էլ ավելի կսրեն մեր կողմից դիտարկված ռիսկերը, որոնք արդեն իսկ դրսևորվում էին երկրի տնտեսության մեջ ՀՀ արտաքին առևտրի դիվերսիֆիկացման նեղ շրջանակների պատճառով:

Կանխատեսվող ռիսկերի և բացասական սցենարների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ինչպիսի՞ն են արդեն ակնհայտ և սպասվող կորուստների փոխհատուցմանն ուղղված քայլերը:

Չանդրադառնանք մարդկային կորուստներին: Դրանք անվերադարձ են: Դժվար է գերագնահատել կորուստներից որևէ մեկը: Դրանք փոխկապակցված են, միմյանց պայմանավորող։ Անվիճելի է առողջապահական համակարգի վերակառուցմանն ուղղված տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական աջակցությունների անհրաժեշտությունը:

Տնտեսական կորուստները  փորձում են փոխհատուցել իրավիճակային քաղաքականությունների գործիքակազմի օգնությամբ:

Փոխհատուցումների առաջին քայլը 150 մլրդ դրամի ֆիսկալ փաթեթի տրամադրումն է ՀՀ Կառավարության կողմից: ՀՀ Կենտրոնական բանկը նույնպես իրականացրեց հակաճգնաժամային որոշ միջոցառումներ:

ԱՅՍՈւՀԱՆԴԵՐՁ, Ո՞ՐՆ Է ԵԼՔՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

Մեր կարծիքով՝ ՀՀ Կառավարության կողմից տնտեսության մեջ փողի շարունակական ներարկումն է ամենատարբեր խողովակներով և խիստ հասցեական՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատված համագործակցության վրա:

Մասնավորապես՝

Սոցիալական ոլորտում՝ շեշտադրել աղքատության հիմնախնդիրը,

Գործարարության ոլորտում՝ ներմուծման փոխարինման քաղաքականության թիրախավորում, մասնավորապես՝ առողջապահական բնույթի արտադրատեսակների, դեղորայքի արտադրության խթանում,

Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորման շրջանակների ընդլայնում, հատկապես՝

Կրթության ոլորտում՝ բոլոր մակարդակներում ներդրումներն ուղղորդել համակարգչային տեխնիկայով ապահովվածությանը, համակարգչային գիտելիքներին պարտադիր տիրապետելու անհրաժեշտությանը,

Պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ առավել շեշտադրելով գյուղատնտեսության ոլորտին աջակցման առաջնային միջոցառումները՝ սերմնացուի, պարարտանյութի, տեխնիկայի անվճար տրամադրման և այլ ձևերով,

Նոր շուկաների հետազոտում՝ արտահանման խթանման գործիքակազմի կիրառմամբ,

Համավարակից առավել տուժած զբոսաշրջության ոլորտին և հարակից ենթակառուցվածքներին ոչ միայն աջակցության տրամադրում

Կառավարության համապատասխան փաթեթներով, այլ նաև ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հնարավորինս մեղմելով սնանկացման ռիսկերը:

Այսպիսով, համաշխարհային տնտեսության մեջ երկրների Կառավարությունների և, անշուշտ, նաև մեր երկրում COVID-19 համավարակի առողջապահական, սոցիալական և տնտեսական խորը հետևանքների ու կանխատեսվող կորուստների փոխհատուցման նպատակով ՀՀ Կառավարության համակարգված և թիրախային գործունեությունը թույլ կտա ձևավորել զարգացման  նոր պարադիգմ՝ միանգամայն նոր արժեհամակարգով: Գլոբալացման նախորդ կառուցակարգերն իրենց սպառել են, մարդկային քաղաքակրթությունը միանգամայն նոր երանգներ է ձեռք բերելու: Այն սպասումները, որոնք կապված են Արդյունաբերական չորրորդ հեղափոխության հետ՝ արհեստական ինտելեկտ, նոր տեխնոլոգիաներ և այլն, պահանջում է մեկ բան՝ համախմբել աշխարհի կարող ուժերին՝ մշակելու նոր մոտեցումներ, նոր ծրագրեր, երկրների տնտեսությունների զարգացվածության մակարդակի չափման նոր ցուցանիշներ, և այս ամենի կենտրոնում մարդն է, անհատը, նոր մտածողությունը:

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031