Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիշա Թամրազյան. «Սմբատ Գոգյանի հետ տղայական խոսակցություն ունենալն աբսուրդի ժանրից է»

Մայիս 21,2020 13:50

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն տեղեկությունները, որ ԲՈԿ-ի՝ հրաժարական տված նախագահ Սմբատ Գոգյանի հետ տղայական խոսակցություն է ունեցել վերջինիս տան մոտ, որն, ի դեպ, Գոգյանը չի հերքել «Հրապարակի» հետ զրույցում:

«Չեմ հերքում, որ Սմբատ Գոգյանի հետ զրույց եմ ունեցել, բայց նրա հետ տղայական, տղամարդկային խոսակցություն ունենալ չէի կարող, դա ուղղակի աբսուրդի ժանրից է»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների, իրենց զրույցի պատճառն այն է, որ Սմբատ Գոգյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում թերություններ է մատնանշել, Գրիշա Թամրազյանը պատասխանեց. «Սմբատ Գոգյանը ոչինչ չի կարող նշել, քանի որ չի եղել այդ հանձնաժողովի անդամ: Թեեւ նրան մի քանի անգամ առաջարկվել է լինել այն հանձնաժողովի անդամ, որն ուսումնասիրում էր Դիանա Գալոյանի ատենախոսությունը, բայց ինքը հրաժարվել է: Սմբատ Գոգյանի տեղակալին ենք փորձել ներգրավել, նա էլ է հրաժարվել, եւ իրենք առաջարկել են ԲՈԿ-ի վարչության պետին:

Մի քանի օր է՝ հերյուրանքներ են տարածվում մամուլով, այսպես կոչված չակերտավոր կրթության փորձագետների կողմից: Ես կասկածում եմ, որ նրանք իսկապես փորձագետներ են, քանի այդ հերյուրանքները սիրով տարածում են իրենց ֆեյսբուքյան էջերով: Իսկ իրողությունը մեկն է՝ հանձնաժողով է ձեւավորվել ԿԳՄՍ նախարարությունում, հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ, եւ արձանագրել է այն, ինչ արձանագրել է, եզրակացությունն էլ սիրով տրամադրել ու տրամադրում ենք բոլոր դիմողներին»:

Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ թիրախավորում են ինքն ու Դիանա Գալոյանը: «Ես Դիանա Գալոյանին ճանաչում եմ շուրջ 13 տարի, ծնվել-մեծացել եմ մի թաղամասում, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: Ես նրա ընտանիքի հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Արաբկիր համայնքում, որտեղ ես ծնվել-մեծացել եմ, շատերի հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ, այնպես որ Դիանա Գալոյանենց ընտանիքը եւս բացառություն չէ:

Քանի որ իմ մագիստրոսական կրթությունն էլ ստացել եմ տնտեսագիտական համալսարանում, այդտեղից էլ են մեր կապերն ավելի ամրապնդվել: Բացի այդ, 2008 թ. Համաժողովրդական շարժում եւ այլն …Նաեւ Դիանա Գալոյանի մայրը՝ տիկին Զոյա Թադեւոսյանը Արաբկիր համայնքում առաջադրվել էր թաղապետի թեկնածու, որի աջակիցներից եմ եղել 2009 թվականին…»,- մանրամասնեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նա զրույցի ավարտին նորից շեշտեց. «Այնպես որ, աբսուրդի ժանրից է Սմբատ Գոգյանի հետ տղամարդկային խոսակցություն ունենալը: Մենք տեսակով շատ տարբեր ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031