Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն իրավիճակն է, որից մենք փորձել ենք միշտ խուսափել». Թորոսյանը կորոնավիրուսային իրավիճակի մասին

Մայիս 21,2020 13:25

Այսօրվա տվյալներով կորոնավիրուսով հիվանդացության 335 նոր դեպք է հաստատվել, 162-ը բուժված են, գրանցվել է մահվան 3 դեպք, իսկ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր թիվը 5606 է, որոնցից 2581-ն` առողջացած: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 հիվանդ, այս քաղաքացիների մեջ են նաեւ նրանք, որոնք պարզապես հսկողության տակ են եւ պարտադիր չէ, որ լինեն հիվանդանոցում: Ըստ նախարարի, մահվան ընդհանուր դեպքերը 70 են, արձանագրվել է նաեւ մահվան 27 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

«Մեկ հետաքրքիր թիվ՝ ակտիվ քաղաքացիների թիվը մեկ օրում աճել է 170-ով, ի տարբերություն երեկվա, երբ ունեինք 30-ով նվազում, քանի որ ավելի շատ քաղաքացի էր դուրս գրվել, քան հայտնաբերվել էր»,-ասաց Թորոսյանը:

Նրա ներկայացմամբ՝ հակահամաճարակային տեսանկյունից ռեկորդային թիվ է գրանցվել: Մեկ օրում իրականացվել է ռեկորդային 1751 հետազոտություն, երբեւէ նման թիվ չի եղել, ընդհանուր առմամբ դրանց թիվը հասել է 45 822-ի. «Մեկ ամիս առաջ մենք պլան էինք դրել մեր առջեւ բարձրացնել թեստավորումների թիվը՝ իրականացնելով օրական 1000 հետազոտություն։ Կարող եմ ասել, որ մենք արդեն հատել ենք այդ սահմանը՝ մեկ օրում կատարելով ռեկորդային 1751 հետազոտություն»:

Այս պահին, ինչպես ասաց նախարարը, կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63-ը, 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք. «Այսինքն, դեպքերի թվի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ անախտանիշ, թեթեւ դեպքեր են, աճում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը. «Սա այն իրավիճակն է, որից մենք փորձել ենք միշտ խուսափել կամ հեռացնել այդ օրը, որովհետեւ քաղաքացիների թիվը՝ դրական, այդքան վտանգավոր չէ, եթե չունենայինք ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներ։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ծանր կամ ծայրահեղ ծանր որեւէ քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից վերակենդանացման բաժանմունքներում: Դեռեւս կարողանում ենք դիմանալ այդ ճնշմանը, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ ճնշումը չավելանա: Իսկ այդ ջանքերի մեծ մասը կանոնների պահպանումն է»:

Նա ասաց, որ վաղվանից թեթեւ ախտանիշներով կամ անախտանիշ քաղաքացիներին հյուրանոցներից կուղարկեն տուն, նրանք կգտնվեն առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հսկողության տակ: Նոր հաստատված դեպքերն էլ, որոնք չեն ունենա ախտանիշ կամ անախտանիշ կլինեն, պետք է ինքնամեկուսացվեն եւ տանը կբուժվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031