Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը փոխվելու է. արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն երբ պետք է անցկացվի

Մայիս 21,2020 12:36

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն կառավարության նիստում չքննարկվեց, քանի որ չզեկուցվող հարցերի շարքում էր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:

Մեկ այլ փոփոխությամբ էլ՝ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Նախագծով նախատեսված է նաեւ, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո. «Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի»:

Բադասյանի հիմնավորմամբ, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել այդ ընթացակարգը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031