Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը. «Փաստ»

Մայիս 21,2020 11:20

Իրականում անցած երկու տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բավականին մշուշոտ են, եթե չասենք ավելին: Փաստը մնում է փաստ, որ ռուսաստանցի գործընկերների կողմից մեր իշխանությունների նկատմամբ գնալով խորանում է անվստահությունը, ավելի ու ավելի են բարդանում փոխադարձ հարաբերությունները: Ու եթե սկզբնական շրջանում նոր իշխանությունները հավաստիացնում էին, թե Ռուսաստանի հետ առկա են հրաշալի գործընկերային հարաբերություններ, ավելին, Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ինքն էլ իբր ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, ապա հիմա արդեն թե՛ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ հենց վարչապետը խոստովանում են, որ խնդիրներ իրոք կան:

Իհարկե, դրանք ներկայացվում են որպես «աշխատանքային», սակայն ակնհայտ է, որ իրավիճակն առավել բարդ է, ու «ամեն ինչ նորմալ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը: Խնդիրներն առանց խոստովանելու էլ ակնհայտ են, ինչի մասին են վկայում մի շարք երևույթներ և իրադարձություններ: Հենց թեկուզ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի այցն իր բոլոր «նրբերանգներով», այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ և որդու հետ հանդիպումով, Փաշինյանի կողմից կրկնակի ճանապարհելու փաստով և այլն, ինքնին բավականին խոսուն էր:

Վերջերս էլ մի քանի հայտարարություններ արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված:

Մի խոսքով, ստացվում է մի վիճակ, երբ ռուսաստանցի պաշտոնյաները դիվանագիտական «մեսիջներից» աստիճանաբար անցնում են ուղիղ, ճակատային «զրույցների»՝ հասկացնելով իրենց վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների նկատմամբ:

Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ Հաղթանակի օրը Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց չի եղել, և բավարարվել են միայն շնորհավորական ուղերձներով, պատկերն առավել հստակ է դառնում:

Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների խութերը գնալով նորանոր «երանգավորում» են ստանում, ինչն արդեն ռուսական կողմը չի էլ թաքցնում: Ու պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի շատ են կոշտ հրապարակումներ հայտնվում ռուսական լրատվամիջոցներում, որոնք իրենց տողատակերում ու հենց «տողավերևներում» հստակ ցույց են տալիս Փաշինյանի ու իր թիմի մերձավոր հատվածի հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031