ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսով եւ արտակարգ դրությունով պայմանավորված՝ ամբողջությամբ փոփոխել են 2020-2021 թվականների ընդունելության կարգը՝ հարմարեցնելով այն ցուցումներին, որոնք ստացել են պարետատնից եւ առողջապահության նախարարությունից:
Ըստ նախարարի, ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կլինի մեկ քննությամբ. «Ընտրել ենք երեք կամ երկու պարտադիր առարկաներից մեկը, որը պարտադիր էր հանձնելու համար, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, մենք թույլ ենք տվել, որպեսզի դիմորդն ինքը դրանցից ընտրի»:
Մեկ այլ փոփոխությամբ, ըստ Հարությունյանի, առաջին հայտի կարեւորությունն է. «Որ դիմորդները մեծ կարեւորություն տան մասնագիտության ընտրությանը եւ առաջին հայտը լինի գերակա մրցույթի անցկացման ժամանակ եւ, եթե ուսանողը դիմել է արվեստաբանության ֆակուլտետ՝ մասնագիտություն ստանալու, ապա մյուսների հետ համեմատությամբ, մրցույթի ժամանակ նա ունենալու է գերակայություն»:
Մեկ այլ նորարարությամբ, ամբողջությամբ թվայնացվել է հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ին եւ կավարտվի հունիսի 15-ին:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով հուլիսի առաջին տասնօրյակում կանցկացնեն ընդունելության քննությունները. «Այս հարցում սերտ համագործակցել ենք պաշտպանության նախարարության հետ, որպեսզի զորահավաքի գործընթացը չխախտվի»:
Վարչապետը հարցրեց՝ պարոն Հարությունյան նախորդ տարի երե՞ք քննություն էին հանձնում: Ի պատասխան նախարարն ասաց՝ երկու կամ երեք. «Եղել են ֆակուլտետներ, որտեղ եղել են երկու կամ ընտրական քննություններ»:
Նախարարը նաեւ ասաց, որ մեկ քննությամբ ուսանողը, որի բալերը չեն հերիքել իր նշած ֆակուլտետի համար, հնարավորություն կունենա նաեւ ուրիշ տեղ էլ դիմել:
«Շատ լավ է, էս կորոնավիրուսի շուրջ այնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»,-ի պատասխան ասաց Փաշինյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ