Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ներքաղաքական օրակարգը բարեփոխումների օրակարգից բարձր են դասում». «Փաստ»

Մայիս 21,2020 11:41

Կառավարման խնդիրներից մինչև ճգնաժամ, կադրային հարցերից մինչև համավարակով պայմանավորված ռիսկեր, որոնց գնահատման տեսանկյունից վերապահումներ կան: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ զրուցել ենք նշված թեմաների շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև առկա քաղաքական մթնոլորտին:

Խոսելով կադրային հարցերի մասին ու դիտարկելով հատկապես այն իրավիճակը, ըստ որի՝ վերջին շրջանում ևս մի շարք ոլորտներից պաշտոնյաներ են հեռանում, Դ. Մաթևոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Հաշվի առնելով նաև հեռացածների մատնանշած պատճառները, որոնք, ի թիվս մի շարք խնդիրների, ի ցույց են դնում նաև իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնելու անհնարինությունը՝ Դավիթ Մաթևոսյանը նկատեց. «Եթե խոսքը մեկ-երկու պաշտոնյայի հրաժարականի մասին լիներ, ապա կարող էինք ասել, որ սրանք առանձին, անձնական պատմություններ են: Սակայն հրաժարական տվողների քանակը և նրանց կողմից մատնանշված, իրար նմանվող պատճառների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ առկա է որոշակի օրինաչափություն:

Նախ՝ պրոֆեսիոնալ և կայացած մասնագետները դժվարությամբ են աշխատում այնպիսի մարդկանց ենթակայությամբ, որոնք պատահաբար են հայտնվել բարձրագույն պաշտոններում: Երկրորդ՝ մասնագետների համար կարևոր է զարգացման և բարեփոխումների այն օրակարգը, որի շուրջ նրանք աշխատում են: Երբ հիմնական ռեսուրսներն ուղղվում են ներքաղաքական շահերի սպասարկմանը, այստեղ մասնագետներն անելիք չունեն: Երրորդ՝ մասնագետը ցանկանում է գնահատված լինել իր գիտելիքի և հմտությունների համար, այլ ոչ թե անվերապահ հավատարմության: Արդեն իսկ կայացած և պետական համակարգից դուրս իրենց արժանի աշխատանքային կարգավիճակն ունեցող պրոֆեսիոնալները մոտիվացիա չունեն իրենց ներքին անկախությունը փոխարինելու անվերապահ հավատարմությամբ: Ենթադրաբար՝ հենց այդ պատճառով էլ հեռանում են»:

Դիտարկմանը՝ միգուցե չստեղծվեց այն համակարգը, որը իրապես կբացառեր մի շարք երևույթների առկայությունը և այլ իրավիճակ կենթադրեր, Դավիթ Մաթևոսյանը նկատեց. «Պետական համակարգում աշխատելը երբեք գրավիչ չի եղել պրոֆեսիոնալների համար: Բնական է, որ այս ժամանակահատվածը բավարար չէր ստեղծելու այնպիսի պետական կառավարման համակարգ, որը գրավիչ կդառնար պրոֆեսիոնալների համար: Սակայն, գնահատելով այս երկու տարին, կարող ենք ասել, որ դրական միտումները քիչ են: Եղած փոփոխություններն էլ կայուն և երկարաժամկետ չեն: Դժվար է իշխանություններին մեղադրել նրանում, որ պետական համակարգում աշխատանքը գրավիչ չի դարձել այս երկու տարվա ընթացքում: Խնդիրները բազմաթիվ են և խորքային (ցածր աշխատավարձ, ծանրաբեռնված, լարված աշխատանք և այլն), բայց կարելի է նրանց մեղադրել այն հարցում, որ հաճախ ներքաղաքական օրակարգը բարեփոխումների օրակարգից բարձր են դասում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031