Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Այսօր, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելն` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, երեկ արձանագրվել է 335 նոր դեպք:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ շրջանառվող այն լուրերին, թե հիվանդների հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի մահվան պատճառը գրեն կորոնավիրուս:
«Ես տեղեկանք էի ուզել հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ եւ այնտեղից զարմանալի փաստեր իմացա: Հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի դրական պացիենտ ախտորոշումով եւ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար: Շատ կարեւոր է հիվանդների եւ մահերի թիվը, այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ կորոնավիրուսի առաջին օրվանից իրենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չեն հաղորդել, իսկ այն գնահատականները, որոնք ընթացքում փոխվում են՝ պայմանավորված են վիրուսի մասին նոր պրակտիկայի ձեռքբերմամբ. «Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է, աշխարհում չկա երկիր, որ ինքն արձանագրի, որ հարյուր տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա պարամետրերը եւ այդպիսով նոր գիտելիքի եւ նախկինում արձանագրած գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա: Ինձ համար գործնական եւ գաղափարական առումով կա մի գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունն է»:
Փաշինյանն ասաց, որ կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում, որեւէ «մանիպուլյատիվ գործողություն եւ տեղեկություն չի փոխանցել հանրությանը»:
Կարդացեք նաև
Վարչապետի խոսքով, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել եւ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ միջոցառումների:
«Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել եւ, այս համատեքստում պիտի ավելի ուշադիր լինենք, որովհետեւ քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված սոցցանցերում՝ ինչու, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում»,-նշեց Փաշինյանը: Ըստ նրա, պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել, երբ իրենց աշխատասենյակում միայնակ են. «Պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի եւ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության: Ես, երեկ երեկոյան տուն վերադառնալիս, նկատեցի որ տաքսիների մեջ ո՛չ վարորդները, ո՛չ առավել եւս՝ հաճախորդները, չեն պահում այդ կանոնները, ինչը նույնպես փակ տարածք է»:
Վարչապետի խոսքով, տեսչական մարմինները եւս պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն կանոնները չպահպանող ընկերությունների նկատմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ