Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք սահմանապահներն օրենքը չիմանալով՝ ավելորդ տուգանքներ են սահմանում. անհրաժեշտ է ունենալ որևէ պատուհան կամ ներկայացուցիչ. «Հայկական ժամանակ»

Մայիս 21,2020 10:57

Թուրքիայից Հայաստան մեկնող առաջին խմբի ուղևորներից՝ ՖԲ օգտատեր Նաիրա Հարությունյանը, իր էջում տեղեկություն էր տարածել այն մասին, որ թուրք սահմանապահներն իրենց երկրի օրենքը չիմանալով՝ ավելորդ տուգանքներ են սահմանում, ինչպես նաև դրանք չվճարելու դեպքում՝ արտաքսում (ներկայացրել էր որոշ մանրամասներ Թուրքիայից Հայաստան վերադարձած հայաստանցիների առաջին խմբի՝ անցակետում ունեցած խնդիրներից )։

Ստամբուլի Քոչ համալսարանի սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայի ուսանող, միգրացիոն և միջմշակութային հարցերով հետազոտող Իրենա Գրիգորյանը, ով ուսումնասիրում է միգրանտների խնդիրները, մեզ հետ զրույցում ասաց․ «Ստամբուլում աշխատող Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անկանոն միգրանտներ են կամ դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում։ Դա ենթադրում է, որ մարդիկ փաստաթղթային խնդիրներ են ունենում ոչ միայն Թուրքիայում օրինական բնակվելու ու աշխատելու հետ կապված, այլև Հայաստան վերադառնալիս։

– Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում ի՞նչ կարևոր հարցեր են մեջտեղ գալիս։

– Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայից Հայաստան վերադարձի մեջ մեծ դերակատարում ունի հենց միգրանտների ինքնակազմակերպումը, որտեղ մի քանի կամավորներ առաջ եկան ու ստանձնեցին կազմակերպչական բարդ հարցեր։ Իհարկե, կամավորությունն ու հումանիզմը բավարար չեն։ Որքան էլ ինքնակազմակերպվեն, դա չի կարող լրացնել այն բացը, որ կա դիվանագիտական ներկայացուցչություն չունենալու և տվյալ տարածքում սեփական պետության կողմից պաշտպանություն չունենալու պատճառով։ Թուրքիայում միգրացիոն օրենքները հաճախ են փոխվում և հաճախ նույնիսկ մասնագետներն ու հետազոտողները չեն հասցնում հետևել փոփոխվող կարգին։ Սա առավել ևս շփոթեցնող է այն մարդկանց համար, ովքեր կարողություն չունեն հետևելու օրենքների փոփոխությանը կամ գոյություն ունեցող կարգին։

– Ինչպե՞ս կարելի է լրացնել այդ բացը։

– Անհրաժեշտ է ունենալ որևէ պատուհան կամ ներկայացուցիչ, որին ՀՀ քաղաքացիները կարող են մոտենալ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հնարավոր իրավաբանական խորհրդատվությունը կամ աջակցությունը։ Սա մեծ ռեսուրսներ չի ենթադրում, և նման պատուհանը կարող է կցված լինել Ստամբուլում գործող որևէ հայկական կառույցի կամ ոչ հայկական, բայց միգրացիայի ոլորտում աշխատող հասարակական կառույցի։ Ստամբուլում կան հասարակական կազմակերպություններ, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում միգրանտների համար, սակայն դրանք հիմնականում ուղղված են Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից եկած ներգաղթյալներին։ Նաև պարտադիր չէ, որ տվյալ պատուհանը զբաղվի միայն հայ միգրանտների խնդիրներով։ Ստամբուլում հետխորհրդային երկրների բնակիչներն աշխատում են կողք կողքի, տարբեր մակարդակներում ունեն նման խնդիրներ․․․ Ուստի, եթե միայն հայ միգրանտներին օգնող օղակը կարող է խնդրահարույց թվալ, դա կարելի է անել ավելի համապարփակ ձևով։ Նման փոքր, բայց կարևոր քայլերով միգրացիան կարգավորելը չի նշանակում խրախուսել արտագաղթը, այլ մարդկանց հնարավորություն տալ լինել ավելի քիչ խոցելի և ավելի շատ տեղեկացված ու պաշտպանված։ Հուսանք՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները սահմանում նմանօրինակ խնդիրների առաջ չեն կանգնի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ,
Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031