Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի բնակչությունն ասում է` ոչ հանքարդյունաբերությանը. մարզպետն ընդդեմ Գլաձորի ավագանու հանքերի հարցով դատական վարույթը կարճվել է. ՀԲՃ

Մայիս 21,2020 10:11

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել Գլաձոր համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ ամրագրված «Գլաձոր համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Համայնքի բնակիչներն այս հանրագիրը կազմել, ստորագրել ու ներկայացրել էին հավատալով, որ հետհեղափոխական Հայաստանում ուղիղ ժողովրդավարությունը կարևոր դերակատարում կունենա և հանքարդյունաբերողների դեմ իրենց երկարատև ու անհավասար պայքարը վերջապես կպսակվի հաջողությամբ։

Սակայն ավագանու այս որոշումից հետո Վայոց ձորի մարզպետը գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել էր ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը: Բայց ավագանին 2019թ հունիսի 14-ի հերթական նիստում միաձայն մերժել էր վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի այդ առաջարկը։

Այս ամենից հետո Վայոց ձորի մարզպետը դիմել էր վարչական դատարան՝ փորձելով դատական ճանապարհով պարտավորեցնել Գլաձորի ավագանուն անվավեր ճանաչել իր որոշումը։ Սկզբում հայցադիմումը մերժվել էր ու հետ էր վերադարձվել։ Դատարանը դիմողի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, իսկ դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:

Այնուհետև մարզպետը կրկին էր ներկայացրել հայցադիմումն՝ արդեն ուղղված տարբերակով և իր լիազորությունները հիմնավորող փաստաթղթերով, որն էլ 2019թ օգոստոսի 23-ին ընդունվել էր վարույթ։

Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը՝ քննարկելով այդ հայցադիմումը, 2020թ ապրիլի 17-ին որոշում է կայացրել վարչական գործի վարույթն ըստ դիմումի Վայոց Ձորի մարզպետի ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ համայնքի ավագանու «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» 29.04.2019թ թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, կարճել:

Դատարանի այս որոշման մեջ մասնավորապես նշված է հետևյալը. «…Դատական վերահսկողության օբյեկտ են հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը և հանրագրին պատշաճ պատասխան չտալու կապակցությամբ դրսևորված անգործությունը:

Դատարանի գնահատմամբ՝ հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալը /հավանություն տալու մասին որոշումը/ ենթադրում է որոշակի գործընթացի մեկնարկ, մասնավորապես, հիմք է հանդիսանում հավանության արժանացած առաջարկությունը կատարելու /կյանքի կոչելու/ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար, որոնք կարող են դրսևորվել տարբեր իրավական ակտերի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ձևով: Հանրագրում նշված առաջարկությանը հավանության տալը /հավանություն տալու մասին որոշումը/ հանդիսանում է հանրագրի քննարկման արդյունքում տրամադրված պատշաճ պատասխան, չի սահմանում վարքագծի որևէ պարտադիր կանոն անորոշ թվով անձանց համար և ըստ այդմ՝ չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ, և դրա իրավաչափությունը չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով…
…Ավելին, հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումն ինքնին դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով դատական վերահսկողության օբյեկտ կարող են հանդիսանալ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ընդունվող /ընդունվելիք/ վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը: Սույն դեպքում, վիճարկվող որոշմամբ Գլաձոր համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019թ. ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացված «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշված որոշումը հիմք է այդ առաջարկության կատարման ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար: Վիճարկվող որոշումը վարքագծի որևէ պարտադիր կանոն չի բովանդակում և ըստ այդմ՝ նորմատիվ իրավական ակտի բնույթ չունի: Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ որոշման համարից հետո բացակայում է «Ն» /նորմատիվ/ տառը, որի միջոցով իրավական ակտն ընդունած մարմինը, «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, նշում է կատարում այդ ակտի նորմատիվ բնույթի մասին:

Դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումը դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով վիճարկման առարկա կարող են դառնալ սույն գործով վիճարկվող որոշմամբ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված /ձեռնարկվելիք/ միջոցառումների շրջանակներում ընդունվելիք վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ առկա է սույն գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության…»:

Վայոց ձորի մարզպետը բողոքարկել է դատարանի այս որոշումը վերաքննության կարգով՝ ինչի մասին Գլաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թարվերդյանն ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը. «Սիրելի Հայրենակիցներ, սիրելի վայոցձորցիներ,

Ինչպես գիտեք, Վայոց Ձորի նախկին մարզպետը հայցադիմում էր ներկայացնել, ընդդեմ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու, բնակիչների կողմից ստորագրված հանրագրին հավանություն տալու որոշման դեմ, որը վերաբերվում էր, Համայնքը էկոտնտեսական գոտի դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։

ՀՀ Վարչական դատարանը, սույն գործով կարճման որոշում էր կայացրել, ամրագրելով, որ սույն վեճը ընդդատյա չէ որևէ Դատարանի։ Փաստաբանական մարտավարությունից ելնելով, այդ լավ լուրը չէինք հանրայնացնում, մինչև այն կմտներ օրինական ուժի մեջ։

Ներկայիս Մարզպետը, կարճման որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով:

Այն որ, Վերաքննիչ ատյանում ևս պարտվելու եք, դա հաստատ։

Երկյուղեք վայոցձորցիների ցասումից!!!

Չհամարձակվեք այլևս, խոսել ժողովրդավարությունից։

Վայոց Ձորի բնակչությունն ասում է.

ՈՉ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ

Հ.Գ. Վերջնականապես մի փոշիացրեք Ժողովրդի վստահության քվեն,այն Ձեզ անհրաժեշտ է լինելու երկու տարի անց…»

Ակնհայտ է, որ Վայոց ձորի մարզպետն ու ՀՀ կառավարության որոշ օղակներ ոչ մի կերպ չեն ուզում համակերպվել օրենքով սահմանված կարգով ուղիղ ժողովրդավարության գործիքների նմանատիպ կիրառման հետ։ Նրանք հետևողական քայլերով ու տարբեր եղանակներով փորձում են ստիպել չեղարկել մետաղական հանքերի վերաբերյալ մարզի մի շարք համայնքների բնակիչների նախաձեռնած հանրագրերի արդյունքում ավագանիների ընդունած որոշումները։

Հիշեցնենք, որ վերջին 2 տարիների ընթացքում մարզի վեց համայնքների մոտ 13 000 բնակիչ ստորագրել էին մետաղական հանքարդյունաբերությանը դեմ լինելու հանրագրերն ու ներկայացրել իրենց ավագանիներին, որոնցից հինգը՝ 2018թ-ի դեկտեմբերին՝ Ջերմուկը, 2019թ-ի ապրիլին՝ Գլաձորը, մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը, իսկ սեպտեմբեր ամսին էլ՝ Մալիշկան, արդեն իսկ ընդունել են բնակիչների այդ ցանկությանը համաձայնություն տալու համապատասխան որոշումներ։

Քաղաքացիների հիմնարար իրավունքն է որոշել, թե ինչ բնական միջավայրում են ուզում ապրել իրենք ու հետագա սերունդները, և ոչ մի պետական կառույց կամ որևէ դատական ատյան չեն կարող պարտադրել նրանց փոխել մետաղական հանքահանման դեմ հստակ ու հիմնավոր արտահայտած կարծիքը։ Ուղիղ ժողովրդավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը չեն կարող խաթարվել ինչ-որ մարդկանց ցանկություններով պայմանավորված։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031