Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավոր. Անկախ Պուտինի այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են. «ՀԺ»

Մայիս 21,2020 09:00

Ռուսաստանի նախագահը նախօրեին մերժեց ԵԱՏՄ երկրների համար գազի միասնական սակագին սահմանելու մասին Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը ներառել միության մինչեւ 2025 թվականի ռազմավարության մեջ:

Անդրադառնալով այս մերժման հետեւանքներին՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընդգծեց, որ անկախ այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են:

Ինչպես հայտնի է՝ նախօրեին Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միության մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը:

Նույն առաջարկը ներկայացրեց նաեւ Բելառուսը: «Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանին վճարում է 150 դոլար, Բելառուսը՝ 127 դոլար, Հայաստանը՝ 165 դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե առաջարկում է միասնական սակագնի հարցը հանել ռազմավարությունից, որպեսզի փաստաթղթի ընդունման հարցում խոչընդոտներ չլինեն: Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձեւի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման որոշակի մակարդակ, որն այսօր չկա: Խոսքը միասնական շուկայի, միասնական բյուջեի եւ հարկային համակարգի մասին է:

Ի վերջո ԵԱՏՄ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության արժանացավ եւ որոշվեց, որ որոշ կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն:

Հարցին՝ արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ բացատրություն է, որ քանի դեռ ինտեգրման մակարդակը բավարար չէ՝ գազի միասնական գին չի կարող լինել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց.

«Պետք է հաշվի առնել, որ այս կառույցում որոշումները հիմնված են կոնսենսուսային սկզբունքի վրա, եւ եթե մի գործընկեր երկիր առայժմ պատրաստ չէ տվյալ լուծման ձեւին՝ պետք է շարունակել բանակցությունները այդ լուծմանը հասնելու համար: ԵԱՏՄ ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ի վերջո միասնական շուկա ունենալու նպատակի վրա, այսինքն` մենք այսպես թե այնպես գնում ենք այդ ճանապարհով՝ ընթացքում բարձրացնելով նաեւ գազի գնի հարցը, որովհետեւ դա Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն»,- ասաց Փամբուխչյանը: Նա վստահեցրեց, որ անկախ նախօրեին արված հայտարարություններից՝ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ամեն ինչ արվելու է, որ շարքային քաղաքացին չտուժի:

Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031