Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանվի

Մայիս 21,2020 13:00

Մայիսի 19-ին հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաձեւում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը դարձավ 67 տարեկան:

Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի եւ վարպետի անունը լսելով՝ չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլեւ կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»: Պատմության մեջ եւ մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երեւանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղեւորների մեծ մասին, այդպիսով փրկել 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին:

Կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի եւ հերոսությունների պատմությունը:

«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունների առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է: Արտակ Իգիթյանը շնորհավորել է վարպետին ծննդյան օրվա առիթով եւ պատմել ֆիլմի ստեղծման գաղափարի, ընթացիկ աշխատանքների մասին: Ռեժիսորը ճգնաժամային իրավիճակում նման ծրագրի իրականացումը հնարավոր է համարում միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով.

«Մենք ունենք կենդանի հերոսներ, ովքեր ապրում են մեր կողքին: Դրանցից մեկը Շավարշն է, ով իր արարքներով մարդկային քաջության եւ պարզապես մարդ լինելու լավագույն օրինակներից է ժամանակակից երիտասարդության համար: Շնորհավորում եմ վարպետին ծննդյան օրվա առիթով եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ես վաղուց եմ ցանկացել Շավարշի մասին պատմող ֆիլմ նկարահանել, եւ շատ ուրախ եմ, որ հենց «Հայֆիլմ» կինոստուդիան հանձն առավ այս նախագծի իրականացումը: Հիմա ֆիլմի ստեղծման ամենաբարդ եւ կարեւոր փուլերից մեկն է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում եւ պատրաստ են դա իրականացնել այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների»,- հավելեց Արտակ Իգիթյանը:

Արտակ Իգիթյանը նշեց, որ այս փուլում ֆիլմի ստեղծման համար ամենակարեւոր գործողություններն են իրականացվում, քանի որ նպատակ ունեն 70-ականների կոլորիտային Երեւանի մթնոլորտը, մարդկանց, ճարտարապետությունն առավելագույնս բնորոշ պատկերել ֆիլմում: Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենալու Հայաստանում, նաեւ Ուկրաինայում եւ Ֆրանսիայում, իսկ դերասանական կազմում ներգրավված են լինելու դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ֆրանսիայից եւ Իտալիայից:

«Առավոտ» օրաթերթ
20.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031