Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավարժություններն ու Ալիեւի շուրջ պալատական դավադրության վտանգը

Մայիս 21,2020 14:30

Ադրբեջանի ռազմական վերնախավում սաղմնավորվող խորքային ճգնաժամի միտումներ կան

Ադրբեջանական բանակը մայիսի 18-ին սկսել է լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք տեւելու են մինչեւ մայիսի 22-ը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված է 10.000-անոց կազմ, 120 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 300 միավոր հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, 30 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա եւ տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն «Առավոտի» հետ զրույցում ընդգծում է, որ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա շուրջ գործող ռազմաքաղաքական վերնախավի համար բարդ իրավիճակում, որը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ նավթի գների անկմամբ եւ սոցիալ-տնտեսական վերահաս ճգնաժամով, կորոնավիրուսային համաճարակով եւ դրա բոլոր բացասական հետեւանքներով, կառավարման համակարգում ըստ իրավիճակի թելադրվող համակարգային բարեփոխումներով, որոնց պատճառով թուլացած է Ալիեւի քաղաքական-կլանային թիմը՝ որպես վերջինիս հիմնական հենասյուն (հիմա, առավել քան երբեւէ,  մեծ է պալատական դավադրության վտանգը):

Մեր զրուցակցի խոսքով. «Ալիեւի շուրջ բարդ իրավիճակը պայմանավորված է նաեւ ընդդիմության ակտիվացմամբ (որի քաղաքական օրակարգում ամենաշահարկվող հարցը վերաբերում է արցախյան հակամարտության լուծմանը), ռազմական ճանապարհով արցախյան հակամարտության լուծման համար հանրային կոնսենսուսի բացակայությամբ, հատկապես՝ հարավում տիրող անհանգիստ իրավիճակով: Իսկ սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պարագայում թալիշաբնակ երկրամասը լինելու է թիվ մեկ զգայուն կետը։ Նշվածներից բացի, կան նաեւ Ադրբեջանի ռազմական վերնախավում սաղմնավորվող խորքային ճգնաժամի միտումներ, որոնք արտաքին որոշակի զարգացումների դեպքում կարող են անկառավարելի դարձնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ Իլհամ Ալիեւի համար ամենավատ իմաստով»:

Արտյոմ Տոնոյանը դառնալով կորոնավիրուսի պայմաններում անցկացվող ադրբեջանական զորավարժությունների նպատակներին՝ ընդգծեց, որ հիմնական միտումը միջազգային հանրության ուշադրությունը կրկին արցախյան հիմնախնդրի վրա հրավիրելն է եւ անբովանդակ ուղերձների հղումն առ այն, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դիմել հարցի լուծման ռազմական ճանապարհին՝ չտեսնելու տալով ու թաքցնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ իրողություններով պայմանավորված՝ հերթական արկածախնդրությունը կարող է ծայրաստիճան անդառնալի հետեւանքներ ունենալ թե՛ իր՝ Իլհամ Ալիեւի իշխանության, եւ թե՛ առհասարակ ադրբեջանական պետականության համար. «Զորավարժությունների անցկացման մյուս սլաքը, ինչպես նշում են ադրբեջանական ընդդիմադիր որոշ շրջանակներ, ուղղված է հենց իրենց ու ադրբեջանական հասարակության դեմ եւ օգտագործվում է որպես «զսպաշապիկ»՝ կանխելու սոցիալ-տնտեսական վատթարացող պայմաններում ադրբեջանական լայն հասարակության փողոց դուրս գալն ու հասունացող հեղափոխությունն այդ երկրի տարածքում»:

Իրանագետը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մեկնարկած զորավարժություններին զուգահեռ մայիսի 18-ի գիշերը Լենքորանում թալիշ ակտիվիստ Ումար Ալիի ձերբակալությունը, նշում է, որ Ադրբեջանում կա երեք տիպի խորքային ճգնաժամ, որոնցից առաջին երկուսը՝ սոցիալ-տնտեսականը եւ քաղաքականը, վերաբերում են տարածքի ողջ բնակչությանը, իսկ երրորդը՝ ազգային-էթնիկականը՝ միայն տեղաբնիկ ժողովուրդներին, այդ թվում՝ թալիշներին. «Ադրբեջանում վերջին շրջանում հատկապես սրացած է թալիշական խնդիրը, քանի որ շարժման բոլոր թեւերը մի կողմ են դրել գաղափարական անհամաձայնությունները եւ անցել կոորդինացված փոխգործակցության։ Բնականաբար, ինչպես սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, քաղաքական ճգնաժամը, այնպես էլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրացումը, լրացուցիչ հնարավորություններ են պարունակում տեղաբնիկ ժողովուրդների եւ հատկապես թալիշների համար՝ իրացնելու սեփական ազգային օրակարգը։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ զորավարժություններին զուգահեռ ակտիվացել է նաեւ թալիշական ազգային շարժումն Ադրբեջանի հարավում, եւ ակտիվիստի ձերբակալությունն էլ հենց դրանով է պայմանավորված»:

Արտյոմ Տոնոյանի բնորոշմամբ՝ բացի տեղաբնիկ ժողովուրդների խնդրից, ադրբեջանական իշխանությունները լրջագույն խնդիրներ ունեն նաեւ լայն հասարակական մակարդակում, քանի որ հենց իրենց իսկ հրապարակած գաղտնի սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս՝ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ պատերազմի եւ, համենայնդեպս, այս պահին մեծամասնության համար ընդունելի լուծման ճանապարհ է միայն բանակցությունների ճանապարհը. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում տիրող իրավիճակը թույլ է տալիս որոշակի վստահությամբ ընդգծել այն, որ ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի հերթական արկածախնդրությունն արցախյան հակամարտության հարցում կավարտվի պատերազմի տեղափոխմամբ Ադրբեջանի խորքեր, որտեղ գործողությունների անմիջական մասնակիցները լինելու են Իրանի բարձր հովանավորությունը վայելող շիա հավատացյալները եւ սեփական ազգային օրակարգ ունեցող թալիշները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031