Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային անդրկուլիսը, ինչպես նաեւ տեղական դիկտատորները մեկ կոճակի սեղմումով կարող են անջատել ցանկացած այլախոհի id-քարտը

Մայիս 21,2020 14:00

21 կազմակերպություններ եւ միավորումներ դիմել են ՀՀ վարչապետին, ԱԺ-ին, արդարադատության նախարարությանը, «Առավոտին»

Պատկերացնենք՝ էլեկտրականությունն անջատելու դեպքում, ինչ կարող է տեղի ունենալ զանգվածային աղետների պատճառով, համավարակների պիկի դեպքում. անկանխիկ վճարումները դառնալու են անհնարին: Այս մտահոգությանը զուգահեռ, կառավարությունում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի հետ կապված վարչապետն ասել է. «Անցումը դեպի անկանխիկ դրամական միջոցների շրջանառություն՝ պետության համար ռազմավարական նպատակ է: Ինչ-որ պահի, կանխիկ միջոցները պետք է ամբողջությամբ դուրս գան օգտագործումից»:

21 կազմակերպություններ (Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի  միավորում, Հայ արիական միաբանություն, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորում, «Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոն», «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում», «Մխիթարիչ» հ/կ, «Նոյն Արարատյան», «Գոյ» հիմնադրամ, «Նախնյաց հետքերով», Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի  նախագահ, Համահայկական  ծնողական  կոմիտե,  «Առողջ միջավայր», «Ֆենիքս»  հ/կ, «Առողջ  հանրություն» հ/կ, «Հայկանդուխտ»  ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, «Երեւանի  այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնություն, Հայի ուժ, «Տեխարմտեխ»  հ/կ, «Իրավագիտակից  հայորդիներ»  նախաձեռնություն եւ «Հանուն Հայրենիքի» հ/կ) դիմել են «Առավոտին», դատապարտում են ՀՀ կառավարության անցյալ տարվա դեկտեմբերի 5-ի նիստում քննարկված մարդու իրավունքները խախտող հակաժողովրդական նախագծերը:

Խոսքը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին է: «Առավոտի» հետ հեռավար զրույցի ժամանակ կազմակերպիչներն ասացին. «Դրսից ղեկավարվող վերոհիշյալ Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0  նախագծով պլանավորում է ստիպել թոշակառուների մեծամասնությանը ստանալ թոշակն անկանխիկ եղանակով: Այս նախագծի շրջանակներում  դրանից խուսափելու միակ հնարավորությունը` կենսաթոշակը լիազորագրով ստանալն է: Այսինքն, թոշակառուներն իրենց թոշակը ստանալու համար ստիպված են լինելու կատարել նոտարի հետ կապված լրացուցիչ ծախսեր եւ լրացուցիչ լիազորված անձ ընդգրկել»: Նախատեսվում է ստիպել ՀՀ քաղաքացիներին նպաստները նույնպես ստանալ անկանխիկ եղանակով:

Ըստ բողոքաբեր կազմակերպությունների, որոնք դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱԺ մշտական  հանձնաժողովներին. «Այս երկու նախագծերն ուղղված են ապագայում վերացնելու ռեալ թղթային փողերը, փոխարինելով դրանք միայն վիրտուալ փողերով, անկանխիկ վճարումներով. նպատակը բոլորին վերահսկելն է հենց համաշխարհային անդրկուլիսի կողմից, որը գրավել է իշխանությունը Արեւմուտքում եւ մի շարք երկրներում: Մենք դեմ ենք այս երկու` մարդու իրավունքները խախտող հակասահմանադրական  05.12.2019թ. Կ-439-10.01.2020-ԱՍ-011/0,  Կ-4391-10.01.2020-ԱՍ-011/0  նախագծերին, եւ պահանջում ենք դրանց տալ բացասական գնահատական»:

Զրուցակիցներիցս Ա. Ռուբենը հիշեցնում է, որ կառավարության նիստում, վերոհիշյալ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետն ասել է. «Անցումը  դեպի անկանխիկ դրամական միջոցների շրջանառություն՝  պետության համար ռազմավարական նպատակ է: Ինչ-որ պահի, կանխիկ միջոցները պետք է ամբողջությամբ դուրս գան օգտագործումից։ Վարչապետի այս խոսքերն առաջացրել են մեծ տարակուսանք ու զարմանք, եւ մենք դա համարում ենք անընդունելի: Ցավալին այն է, որ այս հայտարարությունն արվեց ՀՀ վարչապետին մեր կողմից ուղղված «բաց նամակների» ֆոնի վրա, որոնցով մենք ապացուցել ենք անկանխիկ հաշվարկի եւ թղթե դրամները շրջանառությունից  հանելու ողջ վտանգավորությունը եւ կառավարությունը չի կարողացել մեզ հակառակը ապացուցել»:

Նամակագիրների գնահատմամբ, այս վտանգավոր հայտարարության մեջ վարչապետը թաքցնում է անկանխիկ դրամաշրջանառության եւ թղթե փողերի վերացման գաղտնի նպատակները եւ վտանգները, որոնց նա պետք է որ լավատեղյակ լիներ բազմաթիվ հոդվածներից համացանցում եւ իրեն ուղղված «բաց նամակներից», որոնցից մի քանիսը տպագրվել են նաեւ «Առավոտում» («Բիոմետրիկ բիզնեսի դեմ», «Հակասահմանադրական էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի իմաստը, վտանգներն ու կոռուպցիոն ռիսկերը», «Դեմ ենք պետական ֆունկցիաների փոխանցմանը մասնավոր ընկերություններին», «Շանտաժ պետության կողմից, Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին»…): Ըստ ահազանգող կազմակերպությունների, վարչապետը չի կարող տեղյակ չլինել համաշխարհային անդրկուլիսի գոյության մասին, որը գրավել է ստվերային իշխանությունն Արեւմուտքում եւ մի շարք այլ երկրներում:

«Փաստորեն, ՀՀ վարչապետն անձամբ գովազդեց անկանխիկ վճարումները եւ բաց տեքստով հնչեցրեց համաշխարհային անդրկուլիսի հակաազգային նպատակը (վերացնել թղթային փողերը), որպես դրական երեւույթ եւ Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակ, խուսափելով, սակայն, խոսել գաղտնի նպատակների մասին: Այս դեպքում, եթե վարչապետն անձամբ փորձում է արդարացնել այս հակաժողովրդական նախագծերը, մենք ստիպված կոչ ենք անում ՀՀ վարչապետին անձամբ կարողանալ պատասխանել մեր հարցերին, հաշվի առնելով հատկապես այն, որ այն մասնագետները, որոնց ՀՀ վարչապետը հանձնարարական է տալիս մեզ պատասխանել, ի վիճակի չեն արդարացնել բոլոր վերոհիշյալ նախագծերը»,-նշել են նրանք:

Իսկ հարցերը, որոնց պատասխանին սպասում են, հետեւյալն են. «Կառավարությունն արդյոք չի՞ իրականացնում հավատացյալների կրոնական եւ քաղաքական հետապնդումներ, անկանխիկ հաշվարկի անցնելն ու թղթե փողերը վերացնելը վերահսկելու նպատակով չէ՞, ինչո՞ւ անկանխիկ վճարումների մասին եւ թղթե փողերի վերացման մասին վերոհիշյալ Ձեր ելույթում չեք անդրադառնում թղթե փողերի վերացման գաղտնի նպատակներին, հատկապես այն բանին, որ ՀՀ կառավարության ձեռքերով ստեղծվում է իրավիճակ, երբ  համաշխարհային անդրկուլիսը, ինչպես նաեւ տեղական իշխանությունները մեկ կոճակի սեղմամբ կարող են անջատել ցանկացած այլախոհի id-քարտը, իշխանությունը հեշտությամբ կարող է գաղտնի պատժել այլախոհին, գաղտնի կերպով հանելով փողերը նրա հաշվից: Ինչո՞ւ  Ձեր վերոհիշյալ խոսքերում Դուք շրջանցում եք նաեւ այս վտանգը»:

Ըստ նրանց, թղթե փողերի վերացումը վտանգ է ողջ մարդկության համար: Եթե թղթե փողերը վերանան, ստեղծվում է իրավիճակ, որը նկարագրված է Նոր Կտակարանում, համաձայն որի` այն մարդիկ, ովքեր ձեռքի կամ ճակատի վրա դրոշմ չեն ունենա, չեն կարողանալու ոչ առք, ոչ վաճառք իրականացնել (Նոր Կտակարան, ՅԱՅՏՆՈՒԹԻԻՆ13, 16-18): Ստրկական դրոշմի դերը, որը նշված է Նոր Կտակարանում, ինչպես նաեւ փողի դերը կատարելու է հնարավոր չիպը: Նախ` բիոմետրիկ փաստաթղթերում, իսկ հետո՝ մաշկի տակ:

Նախագծերի դեմ մարտահրավերներից մեկը հնարավոր հակերային հարձակումներն են, երբ հակերները ՀՀ հպարտ քաղաքացիների կամ պետության փողերը կարող են գողանալ բանկերից: Ի դեպ, մենք ամեն օր նման հարձակումների մասին լսում ենք իրավապահ մարմիններից:

Աշխարհը նույնպես զերծ չէ նման հարձակումներից. գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ բանկերից տվյալների եւ փողերի գողություններ են տեղի ունենում:

Վարչապետին տեղեկացվում է նաեւ, որ Արեւմուտքի հատուկ ծառայությունները վերցրել են հիմնական ծրագրերի (այդ թվում՝ WINDOWS-ի եւ հակավիրուսների) ստեղծումն իրենց հսկողության տակ, որպեսզի ցանկացած պահի կարողանան գաղտնի մտնել ցանկացած համակարգիչ:

Մեզանում քիչ չեն դեպքերը, երբ բանկերը սնանկանում են, հրաժարվելով վերադարձնել շահառուների` նրանց պահ տրված ավանդները:

Հավատացյալների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տեղեկացմամբ էլ, քաղաքացիների գումարները կարող են օգտագործվել Աստծո Պատվիրանները խախտող գործի համար` այլ անձանց վարկեր տոկոսներով տրամադրելու համար: Հավատացյալները չեն ցանկանում գործել մեղք, մասնակցելով Պատվիրանները խախտող` քաղաքացիներին ստրկացնող գործի մեջ:

Որպես օրինակ նրանք նշում են այն, որ բազմաթիվ հավատացյալներ չեն ցանկանում ստանալ աշխատավարձ, թոշակներ եւ նպաստներ բանկից, այդպիսով չցանկանալով մասնակցել այլոց ստրկացնող գործարքներին բանկ-վաշխառուների միջոցով:

Նրանք հղում են կատարում անկախ տնտեսագետներին, որոնք «քողարկված փողակեղծություն» են համարում ասվածը:

Առաջարկվում է պետականացնել բանկերը: Այդ դեպքում որպես վարկեր տրամադրվող գումարներից շատ փոքր տոկոսը կգնա պետբյուջե, այսինքն` կմնա ժողովրդին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031