Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը ստիպեց հայազգի հետախույզին փախչել ԽՍՀՄ-ից, եւ ինչու բրիտանացի հարսնացուին թույլ չէին տալիս ամուսնանալ

Մայիս 21,2020 13:30

Խորհրդային հետախուզության սպա Գեորգի Աղաբեկովը (Գրիգորի Սերգեյի Հարությունովը) անհատի պաշտամունքի զոհերից է, իր ժամանակի ուսյալ անձանցից մեկը: Ծնվել է Աշխաբադում՝ 1895թ., մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներին: Տարբեր տարիների աշխատել է տարբեր երկրներում, հայտնի է, որ կազմակերպել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի սպանությունը՝ Հ. Մելքումովի ձեռքով:

1924-ին գործուղվել է Քաբուլ, 1926-ին նշանակվել է մշտական գործակալ Թեհրանում, 1928-ին աշխատել է Մոսկվայում՝ տարբեր պաշտոններում, 1929-ին ուղարկվել է Թուրքիա, մեկնել է Ֆրանսիա՝ անձնական շարժառիթներով, իսկ 1938թ. ՆԳ ժողկոմի անձնական ցուցումով սպանվել է:

kulturologia.ru-ն էլ իր պրիզմայով է հայազգի հետախույզի մասին որոշ դրվագներ ներկայացրել: Արտասահմանում գտնվելու 7 տարիների ընթացքում Աղաբեկովը մի քանի գիրք է գրել: Նրա՝ արտասահման փախչելու վարկածներից մեկն այն է, որ ըմբոստացել էր խորհրդային հատուկ ծառայությունների եւ Կրեմլի մեթոդների դեմ, ինչի պատճառով էլ ռուսական աղբյուրներում նա որպես դավաճան է ներկայացվում:

Աղաբեկովը տիրապետում էր մի քանի լեզվի, աշխատանքում բավականին ճկուն էր եւ վայելում էր Կոմունիստական կուսակցության առաջնորդների վստահությունը: Ըստ kulturologia.ru-ի, երբ 1929-ին տրոցկիստների հետ համագործակցության մեղադրանքով գնդակահարվում է Թուրքիայում աշխատող հետախույզ Յակով Բլյումկինը, նրան փոխարինում է Աղաբեկովը, որը պետք է Ներսես Հովսեփյան անուն-ազգանունով գորգերի վաճառքով զբաղվող պարսկահայ առեւտրական ձեւանար ու իր խանութը բացեր Կոստանդնուպոլսում: Նա ցանկանում էր ավելի լավ սովորել անգլերեն եւ դրա համար թեթում հայտարարություն տվեց, որ անգլերենի ուսուցիչ է փնտրում: Պատասխանը Օքսֆորդյան կուրսեր ավարտած Իզաբել Սթրիթերից էր, որի հետ հանդիպեց ու որին էլ հետագայում սիրահարվեց:

Խորհրդային հետախույզ եւ պատմաբան Պավել Սուդոպլատովը գրել է, որ Աղաբեկովի՝ արտասահման փախչելու պատճառներից մեկը սերն էր: Մեկ այլ վարկածի համաձայն՝ բրիտանացի դիվանագետի դուստր Իզաբելը հավաքագրվել էր Աղաբեկովի կողմից եւ մասնակցել  էր որոշ հատուկ գործողությունների: Աղաբեկովի հուշերից երեւում է, որ նա փախուստին երկար էր պատրաստվել եւ մանրակրկտորեն: Ասում են՝ խորհրդային հետախույզն իր ծառայություններն է առաջարկել բրիտանացիներին, որտեղից պատասխանել են, թե կդիտարկեն նրա առաջարկը, սակայն, գաղտնիք չէ, որ ոչ մի տեղ էլ դավաճաններին լավ չեն վերաբերվում:

Աղաբեկովի եւ Իզաբելի կապին դեմ էին աղջկա ծնողները, նրանք Աղաբեկովին անվանում էին վայրի ասիացի, եւ ոչ մի կերպ  չէին տեսնում դստեր ապագան նրա հետ, ինչ պատճառով էլ Իզաբելին Փարիզ ուղարկեցին: Աղաբեկովը Իզաբելի հետեւից Փարիզ հասավ, նա երազում էր սիրած կնոջ հետ խաղաղ ու անհոգ կյանքով ապրել՝  աշխատելով այլ երկրի համար: Իզաբելն անընդհատ ճնշումների էր ենթարկվում հարազատների, հատկապես քրոջ եւ նրա՝ բրիտանական ռազմածովային նավատորմի սպա ամուսնու կողմից: Ստիպված աղջիկը կրկին Կոստանդնուպոլիս վերադարձավ: 1930թ. նա Բելգիայում հանդիպեց սիրած տղամարդուն, որտեղ էլ  Աղաբեկովն ու Իզաբելը վերջապես ամուսնացան: Ֆրանսիական թերթերին տված հարցազրույցներում նա հայտարարեց, որ այլեւս չի ցանկանում վերադառնալ Խորհրդային միություն՝ ակնարկելով, որ պատրաստ է համագործակցել եվրոպական երկրների հատուկ ծառայությունների հետ: Քանի որ առաջարկներն ուշանում էին, իսկ սոցիալական պայմանները գնալով վատանում, Աղաբեկովը գրեց իր «Միացյալ պետական քաղաքական վարչություն. ռուսական գաղտնի ահաբեկչությունը» գիրքը՝ խորհրդային գործակալության  գաղտնիքների մասին: Դա չէին կարող կուլ տալ ԽՍՀՄ-ում: Սկզբում դիմեցին ֆրանսիական իշխանություններին՝ պահանջելով Աղաբեկովին եւ մերժում ստացան: 1931թ. ֆրանսիացիները Աղաբեկովին առաջարկեցին լքել երկիրը: Հետախույզը հաստատվեց Բելգիայում, որտեղ հանդիպում ունեցավ 7 տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորն էլ զգուշավորությամբ էին վերաբերվում Աղաբեկովի հետ համագործակցությանը: Խորհրդային ՆԿՎԴ-ի ներկայացուցիչներն ամեն գնով ցանկանում էին վերացնել Աղաբեկովին:

Այդ ընթացքում եվրոպացիների կողմից հետախույզին առաջարկվել էր տեղափոխվել Փարիզ՝ ապահով բնակարան, որտեղ պետք է քննարկվեին Եվրոպայում աշխատելու համագործակցության ծրագրերը: Սակայն բնակարանում նրան սպասում էին խորհրդային մեկ այլ հետախույզ՝ Ալեքսանդր Կորոտկովը եւ խորհրդային հետախուզության մի թուրք գործակալ: Հենց թուրքի ձեռքով էլ նա դանակահարվեց, դիակը լուսանկարվեց՝  որպես կատարվածը փաստող ապացույց, իսկ դիակը ճամպրուկով գետը նետվեց: Այդ ժամանակ Աղաբեկովը ընդամենը 42 տարեկան էր եւ Ֆրանսիայի քաղաքացի:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031