Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական անորոշ օրակարգ՝ «փայլուն հարաբերություններով»

Մայիս 21,2020 12:00

Գարեգին Նժդեհի թեման՝ ռուս-ադրբեջանական հակաքարոզչական տիրույթում

Նախ՝ Ռուսաստանից, ապա զուգահեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչ-որ պահից Գարեգին Նժդեհի թեման դարձավ ընդդեմ Հայաստանի տարվող հակաքարոզչության մի դրվագ: Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխանություններին լսեցնելու ու դուր գալու ճանապարհին արդեն առիթ բաց չեն թողնում Նժդեհի թեման կրկին ու կրկին թեժացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ընթացքում Ալիեւը Նժդեհին սեւացնելու փորձ էր արել, որին ի պատասխան Փաշինյանը հակադարձել էր` ասելով, որ Նժդեհը պայքարել է թուրքերի դեմ, ոչ թե Խորհրդային Միության։

Մայիսի 16-ին առցանց ասուլիսում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հայ զորավար Գարեգին Նժդեհի հերոսացման շահարկումները եւ Հայաստանի կողմից ֆաշիզմին տուրք տալու մեջ մեղադրանքները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ադրբեջանական քաղաքականությունը հետեւյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին»։ Նա հիշեցրեց, որ դեռեւս Աշխաբադում ԱՊՀ երկրների նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր գնահատականը տվել է։ «Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել եւ մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում եւ պարգեւատրվել է։ Այս առումով կարծում եմ` Ռուսաստանում եւս Գարեգին Նժդեհին` որպես պատմական ֆիգուր, դարասկզբին որպես ռուսական բանակի սպա, պետք է վերարժեւորեն»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ նրանք ցանկանում են ցույց տալ, որ՝ «հայերը ֆաշիստական Գերմանիայի եւ նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել»:

Այնուհետեւ, Փաշինյանը ներկայացրեց փաստական տվյալներ Ադրբեջանի կողմից նացիստների հետ համագործակցության վերաբերյալ. «Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում, ընդ որում` գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է բոլոր անհրաժեշտ ատրիբուտները` սկսած հագուստից»։ Նա ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով, ինչպես նաեւ տարբեր տեսակի ատրիբուտները։ Փաշինյանը հայտնեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը եւ ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը, ապա հիշեցրեց, որ Ադրբեջանի առաջին Հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի եւ նացիստական կուսակցության հետ։

«Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական լեգեոնական խմբավորումը, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում»,- ընդգծեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետն այս պատմության մեջ կարեւորում է այն, թե ինչպես են վերաբերվում ժամանակակից Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեին, ով ադրբեջանական նացիստական խմբավորման թիվ մեկ կազմակերպիչն է. «2014-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը։ Ավելին, երկու անգամ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել։ Ռասուլզադեի արձանները եւ կիսանդրին են կանգնեցված Ադրբեջանի մի շարք քաղաքներում»։

Ռուսական փորձագիտական, լրագրողական, նաեւ պետական կառույցներից քննարկման հրապարակ նետված Նժդեհի թեման, այսպիսով, դարձավ հայ-ադրբեջանական բանավեճի եւս մեկ խոսակցության առարկա: Ադրբեջանին լռեցնելու իր քայլն այս ուղղությամբ Փաշինյանն արեց:

«Հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ»,- պնդում է Փաշինյանը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի սառնությունն արդեն առավել քան նկատելի է: Պաշտոնական Երեւանը մի քանի առիթներով չի հերքել փաստը, որ՝ «կան հարցեր»: Մայիսի 16-ին հրավիրված մամլո ասուլիսում Փաշինյանն անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

Պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունները միշտ գնահատել եք փայլուն, հիմա է՞լ եք այդպես կարծում՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունները՝ ինչպես Արցախի հարցի, այնպես էլ՝ գազի գնի եւ ռուսական ընկերությունների մասով քրեական գործերի հետ կապված, նա ասել է. «Հայ-ռուսական հարաբերությունները ես էլի եմ գնահատում փայլուն, որովհետեւ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ռազմավարական խորք ունեն, որ կապված չեն կոնկրետ մեկ ընկերության կամ կոնկրետ մեկ դրվագի հետ: Միջպետական հարաբերություններ են, այնտեղ կարող են լինել հարցեր, այդ հարցերը կարող են լինել, դրանք կարող են ունենալ պատասխաններ, որոնք կարող են մշակվել, հղկվել եւ դառնալ ավելի լավը, սակայն դրանք ընդհանուր հարաբերությունների կոնտեքստի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ»:

Այսպես, Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ եղած խնդիրներն աշխատանքային են, որոնք միշտ կան ու լինելու են, դա նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Հաղթանակի օրվա առթիվ ՌԴ նախագահը հեռախոսազրույց չի ունեցել ՀՀ վարչապետի հետ եւ չի շնորհավորել, Փաշինյանն արձագանքեց. «Ես մայիսի 9-10-ին Արցախում եմ եղել, երեք տարի անընդմեջ դիմավորում եմ Շուշիում: ՌԴ նախագահի հետ մենք ըստ անհրաժեշտության կապի մեջ ենք, այդ թվում՝ հեռախոսային»:

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները հիմնված չեն ո՛չ մեկ ամսվա, ո՛չ էլ մեկ ժամվա վրա. դրանք ռազմավարական եւ պատմական խորք, կոնտեքստ ունեն։ Այնպես որ, Փաշինյանի բնութագրմամբ, իր գնահատականը նույնն է մնացել այդ հարաբերությունների մասին։

Դեռեւս 2018թ. սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը արդյունավետ զրույց է ունեցել, որի արդյունքներով կարելի է արձանագրել, որ՝ «Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Գազի գնի բարձրացման թեման, ակնհայտորեն, մնում է հայ-ռուսական օրակարգում՝ առայժմ «օդում կախված» վիճակում:

Ռուսաստանի հետ մեր քաղաքական խորհրդակցությունները գազի գնի թեմայով շարունակվում են, ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացրել գազի գինը բարձրացնելու, որի վերաբերյալ դեռ որոշում չկա կայացված: «Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկայի փլուզման, նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի բերած խնդիրները հաշվի առնելով: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

Այպիսով, պաշտոնական Երեւանը արդեն որերորդ անգամ շեշտում է, որ Հայաստանն ակնկալում է, որ գազի սակագինը չի բարձրանա: Հայ-ռուսական խորհրդակցություններն այս թեմայով հնարավոր է դեռ երկար շարունակվեն։ Բայց առավել քան հստակ է, որ Հայաստանի ակնկալիքի բավարարումը քաղաքական որոշման հարթությունում գտնվող հարց է, ոչ թե՝ տնտեսական, որքան էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերջերս ակնարկեց, թե իբր այն այդ տիրույթում գտնվող հարց է:

Ինչ պայմաններում հնարավոր կլինի համաձայնություն այս հարցում, ինչ արդյունքներ կտան հայ-ռուսական քննարկումները՝ ցույց կտա ժամանակը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031