«Ամեն օր ջերմաչափում անում էինք, փետրվար ամսից դիմակներն ու ձեռնոցները միշտ տվել ենք աշխատակիցներին, նույնիսկ երբ դիմակ չէինք արտադրում: Մենք ախտահանումն էլ ենք անում, սոցիալական հեռավորությունն էլ ենք պահում, ավտոբուսներն էլ ենք ախտահանում, մարդկանց տարբեր ավտոբուսներով ենք գործի բերում, տարբեր արտադրամասերի աշխատողներ իրար հետ ընդհանրապես կապ չեն ունենում»,- Aravot.am-ին ասաց «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը:
Մեր հարցին, թե հերթական ջերմաչափման ժամանա՞կ եք պարզել, որ աշխատակիցները ջերմություն ունեն ու կորոնավիրուսով վարակ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեզ մոտ բարձր ջերմաստիճանով աշխատակիցը գործի չի եկել, մինչեւ գործի կանչելը հերթափոխի պատասխանատուն զանգել է իր հերթափոխի աշխատակիցներին, հետաքրքրվել՝ ոնց են, խնդրել է տանը ջերմությունը չափեն ու եթե որեւէ մեկը նույնիսկ իրեն թույլ է զգում, աշխատանքի չգա:
«Տավուշ տեքստիլում» 800 աշխատակից կա, այս պահին 7 աշխատակից է կորոնավիրուսով վարակված, նրանք մտերիմ ընկերուհիներ են, աշխատանքից դուրս էլ են միմյանց հետ շփվել, Բերդ համայնքից են, նույն բակից: Կոնկրետ այն արտադրամասում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7 դեպք, մեր ցուցումով մյուս աշխատակիցները նստել են տանը՝ 162 հոգի, ոչ մեկի մոտ հաստատված վարակ չկա, այս առաջիկա օրերին այդ մարդկանց կթեստավորենք, ինչից հետո հանգիստ մեր այդ արտադրամասը կաշխատեցնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ