45-ամյա միայնակ մայր Լիանա Գրիգորյանն արդեն ամիս ու կես է՝ չի կարողանում կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրից օգտվել եւ ստանալ իրեն հասանելիք 26,500 դրամը:
Լիանայի որդին հաշմանդամություն ունի, չի կարող նրան տանը միայնակ թողնել ու աշխատել:
Դեռ ապրիլի կեսերից Լիանան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակցին, որպեսզի իրեն օգնի աջակցության համար դիմումը լրացնի. նա հնարավորություն չունի ինքնուրույն այն լրացնել: Լիանայի եւ նրա որդու տվյալները առցանց դիմումում լրացվել են, ապա ասել են՝ սպասեք, մինչեւ համակարգը պատասխանի: Երկու շաբաթ սպասելուց ու պատասխան չստանալուց հետո Լիանան դիմել է Aravot.am-ին, որից հետո մենք նրա տվյալները ապրիլի 29-ին փոխանցել էինք նախարարությանը:
Մայիսի 4-ին նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից վստահեցրել էին՝ Լիանա Գրիգորյանի տվյալները դեռ ուսումնասիրվում են, խնդիրը պարզելուց հետո պարզաբանում կներկայացնեն:
Կարդացեք նաև
Մինչ օրս մենք պարբերաբար կապ էինք հաստատում նախարարության լրատվական ծառայության հետ, հասկանալու՝ որ փուլում է գործընթացը: Այս ընթացքում նախարարությունից մեզ վստահեցնում էին, որ խնդիրը ՔԿԱԳ կենտրոնում է, Լիանայի անչափահաս որդու տվյալները այնտեղ թվայնացված չեն եւ համակարգը Լիանային որպես շահառու չի տեսնում: Մինչդեռ Աբովյան քաղաքի ՔԿԱԳ-ի (Լիանայի որդու ծնունդն այստեղ է գրանցված) ղեկավարը մեզ վստահեցրեց՝ իրենց բազան թվայնացված եւ թարմացված է, իրենց մոտ որեւէ խնդիր չկա: Սրանից հետո նախարարությունից հորդորեցին մի քիչ էլ սպասել, մինչեւ խնդիրը շտկեն: Լիանան, իհարկե, ճարահատյալ սպասեց ու դեռ սպասում է, նույնիսկ համբերատար, թեեւ նա խիստ կարիքն ունի անգամ այդ չնչին գումարի, ասում էր՝ պարտքեր ունի, գոնե այդ գումարով պարտքի մի մասը կմարի, որպեսզի կարողանա էլի պարտք վերցնել:
Որոշ ժամանակ սպասելուց հետո Aravot.am-ը դիմեց նաեւ արդարադատության նախարարությանը, որտեղից մեզ վստահեցրին՝ այո, նշված ՔԿԱԳ-ում տվյալները թվայնացված են, համակարգը թարմացվում է ամեն շաբաթը մեկ, գուցե դա է եղել խնդիրը: Բայց որպեսզի Լիանան հնարավորինս շուտ ստանա գումարային աջակցությունը, արդարադատության նախարարությունից մեզ վստահեցրին՝ Լիանայի տվյալները անձամբ են փոխանցել սոցապին, որպեսզի գործընթացն արագացվի. «Պետք է 1-2 օր էլ սպասել, խնդիրը կլուծվի, որովհետեւ շահառուի տվյալները փոխանցել ենք հեռախոսազանգի միջոցով, ու պետք է այն համակարգում արագ լրացնեն»:
1-2 օրից էլ ավելի սպասեց Լիանան, խնդիրը չլուծվեց, նա մինչ օրս չի կարողանում ստանալ պետական աջակցությունը: Այդ ընթացքում մենք մի քանի անգամ զանգել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու՝ վերջապես ո՞ր փուլին հասավ Լիանա Գրիգորյանի դիմումի ընթացքը: Պատասխանը բացասական էր, ոչ մի նորություն չկա:
Այսօր էլ մեր հարցմանն ի պատասխան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն ասաց. «Լիանա Գրիգորյանի՝ 9-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու խնդրի առնչությամբ ՔԿԱԳ-ի պնդումները, որ վաղուց են ծառայություն ուղարկել տվյալները, այս պահի դրությամբ մեր ՏՏ-ի տվյալներով իրենց մոտ այո, ուղղված է եղել, բայց մեզ չեն տրամադրել»:
Ըստ էության, խնդիրը մի գերատեսչությունը մյուսի վրա է բարդում, մինչդեռ սա 1-2 օրվա լուծելու եւ ընդամենը 26,500 դրամ փոխանցելու հարց է:
Այս ընթացքում Լիանա Գրիգորյանը է՛լ ՔԿԱԳ է գնացել, է՛լ սոցապ, է՛լ բանկ, չէ, չկան նրա տվյալները բազայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ