«Շրջանի մասերը» փաստագրական ֆիլմը, որը նկարահանել են հայ և ադրբեջանցի անկախ փորձագետները և լրագրողները, ղարաբաղյան հակամարտության պատմության երկու տեսակետերը համադրելու եզակի փորձ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆիլմի երեք մասերը, ինչպես նաև անգլալեզու ավելի հակիրճ տարբերակը ստեղծելու համար պահանջվել է շուրջ 9 տարի: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հեղինակները քննարկումներ անցկացնելու համար հանդիպել են Թբիլիսիում: Ֆիլմը մեծ տպավորություն է թողել անկախ դիտորդների վրա, բայց խիստ քննադատության է արժանացել պաշտոնական Բաքվի կողմից:
Գործակալությունը շեշտում է, որ բացի քաղաքական կերպարներից ֆիլմում տեղ են գտել նաև շարքային փախստականների, ականատեսների ձայները, իսկ պատումը հիմնված է սցենարի վրա, որը գրել են երկու կողմի անկախ հեղինակները: Առաջինը թողարկվել է 75 րոպե տևողությամբ ֆիլմը, որը նախատեսված է միջազգային հանրության համար: Բայց գլխավոր ձեռքբերումը երեք ժամ տևողությամբ ֆիլմերի ստեղծումն է, որը հասանելի է ադրբեջաներենով, հայերենով, ռուսերենով և անգլերենով: Այս եռապատումը նախատեսված է առաջին հերթին հայ և ադրբեջանցի լսարանի համար: Հեղինակներն ասում են, որ կհրապարակեն դրանք այն բանից հետո, երբ կուսումնասիրեն, թե առաջին ֆիլմն ինչ տպավորություն է թողել:
Ֆիլմը ստեղծել են երեք ոչ կառավարական կազմակերպությունները՝ «Հաշտեցման ռեսուրսներ» (Բրիտանիա), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (Հայաստան) և Internews Azerbaijan: Ֆիլմերի ընդհանուր բյուջեն 300 հազար եվրո է, ֆինանսավորում տրամադրել է Եվրամիությունը: Միևնույն ժամանակ հեղինակներն ընդգծում են, որ ֆիլմերում Եվրամիության դիրքորոշումն արտացոլված չէ: Ֆիլմերի վրա աշխատանքները մեկնարկել են 2011թ.:
Կարդացեք նաև
Մինչ ֆիլմերի վրա աշխատանքը շարունակվում էր, Երևանի և Բաքվի միջև չէր դադարում տեղեկատվական պատերազմը՝ ցանցահենների, լոբբիստների, դիվանագետների և սոցիալական ցանցերի հազարավոր օգտատերերի մասնակցությամբ: Հակամարտության վերաբերյալ դավադրապաշտական տեսությունները համակարգվում էր երկու երկրների նախագահների աշխատակազմերի կողմից, գրում է գործակալությունը:
«Հույս ունեմ, որ ֆիլմերը կդառնան գործիք՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առասպելները կոտրելու համար»,-ասում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Նունե Սարգսյանը:
Քաղաքական գործիչների և դիտորդների մի մասը, որոնց հարցազրույցները տեղ են գտել ֆիլմում, արդեն մահացել են, օրինակ՝ ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ Իգոր Մուրադյանը, Ադրբեջանի երեք նախագահների խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Իսկ ֆիլմում նկարահանված ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսի նկատմամբ հետապնդումներ են սկսվել, ինչի արդյունքում նա կնոջ հետ ձերբակալվել է 2014թ. մեղադրանքների հիման վրա, որոնք միջազգային կազմակերպությունները քաղաքական են համարել: Երկու տարի հետո նրանք լքել են Ադրբեջանը:
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է 1988 թվականից, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որն ավարտվեց հրադադարով 1994թ.: Հայաստանի վերահսկողության տակ անցավ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի մեծ մասը և հարակից յոթ շրջանները, իսկ 2016թ. ապրիլին Ղարաբաղում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք տևեցին չորս օր, գրում է գործակալությունը և ընդգծում, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններն ակտիվացել են Հայաստանում 2018թ. մայիսին իշխանափոխությունից հետո: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հանգեցրել է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, կրճատվել է նաև բախումների քանակը: Իսկ 2019թ. հունվարին երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին, բայց 1.5 տարվա ընթացքում այս ուղղությամբ միակ քայլը լրագրողների փոխայցելությունն է:
«Էլիտաներն աննախադեպ պայմանավորվածություն են ձեռք բերել, այն է՝ պատրաստել բնակչությանը խաղաղության: Բայց այնպիսի պայմաններում, երբ խաղաղապահ և քաղաքացիական նախաձեռնությունները զրկված են կարգավիճակից և աջակցությունից, չկա որևէ մեկ, որ իմաստ կհաղորդի այդ հայտարարություններին»,-ասում է «Հաշտեցման ռեսուրսներ» կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Բրոերսը:
Փորձագետի խոսքով՝ խաղաղության գործընթացն առանց անկախ նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության մասնակցության հայտնվում է վտանգի մեջ, քանի որ կառավարությունները չեն կարողանում խաղաղության ուղղված բանակցություններ վարել առանց հանրային աջակցության: Արդյունքում խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները մնում են որպես կարգախոս, որը կախված է օդից:
Ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան, իր հոդվածում անդրադառնալով «Շրջանի մասերը» ֆիլմին, այն որակել է որպես լավագույն փաստագրական ֆիլմ՝ ղարաբաղյան հակամարտության մասին:
Աշխարհաքաղաքական և էներգետիկայի հարցերով փորձագետ Ռաուֆ Մամեդովն էլ ֆիլմը հետաքրքիր է համարում զանգվածային լսարանի համար, ինչպես նաև անկողմնակալ:
Ղարաբաղի հարցով քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը գրել է, որ «Շրջանի մասերը» կարելի է համարել ամենահաջողված և հստակ արդյունք տված այն քիչ նախագծերից մեկը, որոնք վերջին տարիներին ստեղծվել են ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ միջազգային հանրության աջակցությամբ:
Իսկ պաշտոնական Ադրբեջանի ներկայացուցիչները խստորեն քննադատել են ֆիլմը: Երկրի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիմքեթ Հաջիևը ֆիլմը որակել է որպես տիպիկ հայկական քարոզչություն:
Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել ֆիլմը, եզրափակում է BBC-ին:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ