Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտը չի քննարկել բոլոր գործերը հեռավար քննելու հարցը․ ՀՔԱՎ

Մայիս 20,2020 17:18
dat

ՀՀ բոլոր դատարաններն ունեն հեռավար նիստեր անցկացնելու տեսաձայնային սարքավորումներ։ Մայիսի 8-ի դրությամբ 30 դահլիճ է կահավորված եղել այդ սարքավորումներով։ Բայց թե քանի նիստ և որ տեսակի գործերով են հեռավար անցկացվել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործով հեռավար անցկացնել նիստը, որ գործով՝ ոչ։ Իսկ բոլոր նիստերը հեռավար անցկացնելու հարց չի էլ քննարկվել։

Այս տեղեկատվությունը ՀՔԱՎ-ին փոխանցել են ՀՀ դատական դեպարտամենտից։

Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թԲԴԽ․-ի մարտի 25-ին հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատարաններում առվազն մեկ նիստերի դահլիճ կահավորված է տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումներով, և հեռավար հաղորդակցման համակարգի գործարկման մեկնարկը տրված է։

Հայտարարությունից մեկ ամիս անց ՀՔԱՎ-ը հարցում ուղարկեց ԲԴԽ նախագահին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ բոլոր դատարաններն են կահավորվել անհրաժեշտ սարքավորումներով, ընդհանուր առմամբ քանի դահլիճ ունի այդ սարքերը, քանի նիստ է անցկացվել այդ ընթացքում հեռավար եղանակով, որ տեսակի գործերն են քննվում հեռավար, ինչ սկզբունքով են ընտրվում հեռավար քննության ենթակա գործերը և ինչ քայլերն են ձեռնարկվում բոլոր դատական գործերը հեռավար անցկացնելու համար։

Հարցմանը 2020 թ․ մայիսի 8-ին պատասխանել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Նա տեղեկացրել է, որ տեսաձայնային սարքավորումներ ունեն ՀՀ բոլոր դատարանները, ընդհանուր թվով՝ 30 դահլիճ, ինչի համար ծախսվել է 45,200,000 ՀՀ դրամ։ Կ․ Փոլադյանի փոխանցմամբ՝ հեռավար անցկացված նիստերի հաշվառում չի արվել, հստակ չէ նաև, թե ինչ սկզբունքով են ընտրվում՝ որ գործերն են ենթակա հեռավար քննվելու։

Դատական դեպարտամենտը չի քննարկել նաև բոլոր գործերը հեռավար քննելու հարցը։

Ի դեպ՝ չնայած նույն հայտարարության մեջ ԲԴԽ-ը նշել էր, որ դատարանների հետ  փաստաթղթաշրջանառությունն էլ կարող է վարվել հեռավար՝ էլփոստերի միջոցով, դա ամրագրված է նաև օրենքով, բայց ՀՔԱՎ-ի գործերից մեկով հայցվորի դիմումը՝ նիստը նրա բացակայությամբ անցկացնելու մասին, Վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել էլեկտրոնային տարբերակով։

Մեկ այլ գործով դատարանը մերժել է պետական տուրքի վճարումը հետաձգելու՝ հայցվորի դիմումը, չնայած նրան, որ պատճառաբանվել էր, որ բանկերը չեն աշխատում, իսկ առցանց վճարելու հնարավորություն  հայցվորը չունի։

Ինչ վերաբերում է դատական նիստերը հեռավար անցկացնելու հնարավորությանը, պետք է փաստենք, որ 2020 թ․ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՔԱՎ-ի վարած դատական գործերով 35 դատական նիստ է նշանակված եղել, 8-ով՝ վճռի հրապարակում։ Դրանցից միայն 9 նիստ է կայացել։

Եվս 6-ը հետաձգվել է ՀՔԱՎ-ի փաստաբանների նախաձեռնությամբ, քանի որ նիստերի կայացումը ենթադրել է մեծ թվով մարդկանց ներկայություն դահլիճում, 13-ը հետաձգվել է դատարանների նախաձեռնությամբ, 5-ը՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներով, 2-ը՝ դատավարության մասնակից մյուս կողմի միջնորդությամբ, 3 գործով դատական նիստերը կազմակերպության ներկայացուցիչների բացակայությամբ իրականացնելու մասին դիմումներ են ներկայացվել։

Համավարակով պայմանավորված միջոցառումների վերաբերյալ մեր մյուս հարցման պատասխանում էլ, մայիսի 12-ին թվագրված, Դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսատնտեսական հարցերով տեղակալ Ա․ Ստեփանյանը տեղեկացրել է, որ որոշ նիստեր հեռավար անցկացնելու նպատակով ձեռք են բերել 31 պրոյեկտոր և 30 տեսախցիկ։

Ինչ վերաբերում է վարակի տարածումը կանխող միջոցառումներին, նրա փոխանցմամբ, դատարանների տարածքները ախտահանելու համար դեռևս մարտի 16-ից արտադրող և ներմուծող տարբեր կազմակերպություններից ձեռք են բերել 1195 լիտր ախտահանիչ նյութեր, 13,300 զույգ ձեռնոցներ և 10,000 հատ դիմակներ և բաշխել դատարաններին։ Ըստ պատասխանի՝ ԲԴԽ և դատարանների վարչական շենքերի ողջ տարածքը ախտահանվում է ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով։

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է իրականացվում այդ միջոցառումների վերահսկողությունը։ Ա․ Ստեփանյանը հավաստիացրել է, որ գործընթացը Դատական դեպարտամենտի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո է։

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031