«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է ՀԴՄ կտրոնին զուգահեռ ունենալ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ օնլայն գնումների համար:
Նա ասաց, որ բիզնեսը հատուկ ծրագրի միջոցով կարող է տվյալներն ուղարկել ՊԵԿ ու հատուկ ծրագրով ավտոմատ գեներացվում է ֆիսկալ համար, հետ է ուղարկում էլի բիզնեսին ու դա դառնում է հենց այդ փաստաթուղթը: Պապոյանն ասաց, որ համաճարակը ցույց տվեց` օնլայն առեւտուրը կարող է դառնալ վաճառքի հիմնական հարթակը: Օնլայն առեւտուրն ամբողջ աշխարհում զարգացել է երկրաչափական պրոգրեսիայով, հնգապատկվել է շրջանառությունը, ու այդ ապագան այլընտրանք չունի նաեւ Հայաստանում: Օնլայն առեւտուրը մեծ ծավալ է զբաղեցնելու ապագայում ու մենք պետք է պատրաստ լինենք դրան:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ նախագծով լուծումներ են տրվում հետեւյալ խնդրահարույց դեպքերում. «Գիտենք, որ ՀԴՄ կտրոնը պետք է տպագրվի կանխիկ գումարի ստացման պահին, որովհետեւ ՀԴՄ-ն կանխիկի հոսքը հաշվառող սարք է: Բայց գործնականում, հավանաբար, բոլորս առնչված կլինենք այն դեպքերի հետ, երբ պատվեր ենք կատարում, պատվերը պետք է բերեն մեր նշած հասցեով ու գումարը պետք է կանխիկ վճարենք, առաքիչը պատվերի հետ ներկայացնում է նաեւ նախապես տպագրված ՀԴՄ կտրոնը: Եթե անկեղծ լինենք, տնտեսվարողներն այլ տարբերակ չունեն: ՀԴՄ կտրոն չտպագրելը խախտում է, նախապես տպագրելը խախտում է, ՀԴՄ սարքը հետը բերելը նորից խախտում է: Այսինքն, այլընտրանք չկա այս պարագայում: Սա մի իրավիճակ է, երբ կյանքն առաջ է գնացել, ստեղծվել են առեւտրի նոր հարաբերություններ, բայց համարժեքորեն մենք «Հարկային օրենսդրության» մեջ կարգավորումներ չենք նախատեսել: Հիմա, բացի ավանդական ՀԴՄ կտրոնից, լինելու են նոր ՀԴՄ-ներ: Սա իրենից ներկայացնում է ծրագիր, գեներացվող ՀԴՄ կտրոն: Դա լինելու է առաքվող ապրանքին ուղեկցող փաստաթուղթ»:
Արման Պողոսյանն ասաց, որ սա անհամեմատ ավելի մատչելի է ՀԴՄ-ի դեֆիցիտ չի լինի այլեւս: Եթե որոշակի տեխնիկական հարցեր էլ կառաջանան, ընթացքում կշտկվեն:
Կարդացեք նաև
Այս հնարավորությունից կարող են օգտվել 2021-ի հունվարի 1-ից, այս ժամանակը տալիս են տնտեսվարողներին, որ պատրաստվեն:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ