Ապրիլի 29-ին լրացավ ամերիկահայ հանրահայտ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի հաղթող, օլիմպիական խաղերի չեմպիոն Անդրե Աղասիի 50-ամյակը:
Աղասին 90-ականներին եւ 2000-ականների սկզբին համաշխարհային թենիսի գլխավոր գործող աստղերից էր եւ համաշխարհային սպորտային մամուլը չէր կարող շրջանցել հոբելյարին՝ նշելով, որ նա իրեն հաջողությամբ կարողացել է դրսեւորել ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում եւ հատկապես՝ ընտանիքում:
Անդրե Աղասիի կարիերան եւ փառքը լուրջ փորձությունների են ենթարկվել: Դեռ պատանի հասակից նա առանձնահատուկ հակվածություն է ունեցել աղջիկների նկատմամբ: Սկզբում դրանք եղել են սովորական աղջիկները, իսկ արդեն ճանաչում ձեռք բերելուն զուգահեռ նա «շփվել է» հակառակ սեռի ոչ պակաս ճանաչված ներկայացուցիչների հետ, ինչպես օրինակ, արգենտինացի թենիսիստուհի, գեղեցկուհի Գաբրիելա Սաբատինին, հոլիվուդյան աստղեր Բարբարա Սթրեյզանդը եւ Բրուք Շիլդսը եւ այլոք:
Մարզական փառքը եւ շքեղ կանայք Անդրե Աղասիին միանգամայն կարող էին շեղել ճանապարհից: Սակայն, բարեբախտաբար, այդպես չպատահեց: Նա ծանոթացավ կանանց համաշխարհային թենիսի լեգենդ, գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ, որին, կարծես, սիրահարված էր վաղուցվանից: Ոչ ոք չէր մտածում, որ միանգամայն հակառակ խառնվածք ունեցող այս զույգը ոչ միայն կամուսնանա, այլեւ օրինակելի ընտանիք կկազմի:
Կարդացեք նաև
Մարզական կարիերայի վերջին տարիներին Աղասին ընտրեց կյանքի իր ճանապարհը, զբաղվեց բարեգործություններով՝ դառնալով նաեւ կիրթ լինելու եւ մեծահոգության խորհրդանիշ, իսկ ընտանիքում՝ լավ ամուսին եւ օրինակելի հայր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ