Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «ADM Dimonds» ադամանդագործական ընկերության աշխատակիցները նեղսրտած են. արտակարգ դրության ժամանակ գործարանը չի աշխատել, կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված պետական աջակցությունն էլ չեն ստացել: Գործարանի մոտ հարյուր աշխատակից այսօր գործարանի բակում հավաքվել էին եւ փորձում էին պարզել՝ ինչո՞ւ մյուս գործարանների աշխատակիցները պետական աջակցություն ստացել են, իրենք՝ ոչ. «Երկու ամիս չենք աշխատել արտակարգի պատճառով, պիտի աշխատավարձի փոխհատուցում տար պետությունը, բայց չի տվել»:
Aravot.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիրներից Արտակ Բաղիկյանն ասաց՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, ընկերությունն իր հաշվապահությունը աութսորսինգով պատվիրում է հաշվապահական մի ընկերության` «Նյու Սան» ՍՊԸ-ին, որն էլ փաստաթղթերը սխալ է լրացրել. «Դասակարգիչները սխալ են գրել, պետք է գրեին արտադրական, գրել են՝ առեւտրային: Ու այստեղ խնդիր է առաջացել: Խնդիրը ծագել է հաշվապահական այս ընկերության մեղքով: Հարկայինը ժամանակ էր տվել իրենց` դասակարգիչները փոխելու, բայց, կարծես, այդ ժամկետը լրացել է: Հիմա, եթե խնդիրը չշտկեն, իրենք պետք է աշխատակիցների գումարը վճարեն, քանի որ մենք պայմանագիր ունենք իրենց հետ, վճարում ենք պատշաճ ծառայության համար»:
Բաղիկյանը վստահեցրեց՝ եթե հաշվապահական ընկերությունը չվճարի, մինչեւ ամսվա վերջ իրենք կվճարեն հարյուրից ավելի աշխատակիցների գումարները. «Մենք կարող էինք օրենքով սահմանված կարգով չվճարել, բայց ապրիլ ամսվա համար աշխատավարձի 60%-ի չափով վճարումներ կատարել ենք: Ընդհանրապես, չի եղել մի ամիս, որ աշխատակիցներն իրենց աշխատավարձերը չստանան կամ ուշացում լինի: Իսկ այսօր որեւէ ցույց չի եղել, ուղղակի մարդիկ հավաքվել էին հասկանալու խնդիրը: Բոլորի գումարները կվճարվեն` վստահեցնում ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ