Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պուտինը դիմացինից պահանջում է ավելին՝ շատ լավ գիտակցելով, որ դիմացինն իրեն դա չի կարող տալ». Հայկազ Ֆանյանը գազի գնի մասին

Մայիս 20,2020 17:30

«Խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, դա միանշանակ է, եւ ակնկալել, որ կհաջողվի բանակցություններում ստանալ միասնական գին ողջ Եվրասիական տնտեսական  երկրների համար, կարծում եմ իրատեսական չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ  գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկա մակարդակի պայմաններում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահին առաջարկել էին վերանայել գազի մատակարարման գինը եւ ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին ներդնել:

Հայկազ Ֆանյանի խոսքով, այս հարցում փոխզիջումային տարբերակ կարող էր հանդիսանալ գազը շուկայական գնով ստանալը, որը, ըստ էության, մեր երկրին թույլ կտա հավասարը հավասարի հետ խոսել Ռուսաստանի հետ, սակայն, ըստ նրա, «հաշվի առնելով նախկինում կնքված հայտնի գազային պայմանագիրը, իրականում, մեր դիրքը բանակցություններում այնքան թույլ է, որ մենք պարզապես երկընտրանք չունենք ռուսական գազի մատակարարմանը»: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Պուտինն իր մերժումը պատճառաբանել էր, որ միասնական սակագին չի կարող ներդրվել ինտեգրման ներկա պայմաններում՝ նշելով, որ միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով եւ հարկման միասնական համակարգով, Հայկազ Ֆանյանն ի պատասխան ասաց. «Այդ երկրներից որեւէ մեկը պատրաստ չէ այդպիսի քայլի գնալ, Պուտինը դիմացինից պահանջում է ավելին՝ շատ լավ գիտակցելով, որ դիմացինն իրեն դա չի կարող տալ: Նույնիսկ Եվրամիության դեպքում, երկրներից յուրաքանչյուրն իր առանձին բյուջետային քաղաքականությունն է վարում, այսինքն՝ միասնական բյուջե որպես այդպիսին գոյություն չունի»:

Նշենք, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազի գնումն իրականացնում է ոչ թե շուկայական՝ լողացող բանաձեւով, այլ՝ սահմանին ֆիքսված գին է վճարում՝ անկախ շուկայում տեղի ունեցող գնային փոփոխություններից, ինչը, Հայկազ Ֆանյանի խոսքով, որոշ դեպքերում տալիս է դրական արդյունքներ, որոշ դեպքերում՝ ոչ:

Ներկայումս շուկայականով գազի գինն ավելի էժան է, քան՝ մատակարարվում է Հայաստանին՝ սահմանին 165 դոլարով:
Սակայն, պարոն Ֆանյանի խոսքով, եղել են ժամանակներ, որ ֆիքսված գնի պարագայում Հայաստանը շահել է:

Նա ուսումնասիրություն է արել եւ պարզել, որ 2011-2018 թվականների ընթացքում Հայաստանը 1, 3 միլիարդ ԱՄն դոլար   շահել է գազի գնի տատանումների ընթացքում, երբ շուկայական գինն ավելի բարձր է եղել, քան մեզ մատակարարել են. «Բայց միշտ չէ, որ շահել ենք, եղել են ժամանակահատվածներ, երբ շուկայական գինն ավելի ցածր է եղել, քան այն գինը, որը սահմանի վրա Հայաստանը ձեռք է բերել: 2016 թվականի առաջին ամիսներին, ապա՝ օգոստոս ամսվա ընթացքում, 2019 թվականի եւ նաեւ 2020 թվականին շուկայական գինն ավելի ցածր էր, քան այն գինը, որը մենք ստանում ենք սահմանին»:

Ըստ մեր զրուցակցի, ճիշտ է 1,3 միլիարդ մենք շահել ենք, բայց, իրականում այդ ընթացքում Ռուսաստանը մատակարարված գազի դիմաց քաղաքական կամ այլ դիվիդենտներ է մեզնից ակնկալել եւ վերցրել. «Ոչ միայն դոլարով վճարել ենք էժան գազի դիմաց, այլ նաեւ եղել է, որ ոչ նյութական ծառայություններ ենք մատուցել Ռուսաստանին: Խոսքը տարբեր քվեարկությունների մասին է: Ղրիմի հետ կապված կամ որոշ բանաձեւերին ընդհանարապես չմասնակցելը եւ այլն: Այս բոլորը քաղաքական առումով աջակցություն է եղել Ռուսաստանին»:

Հայկազ Ֆանյանի խոսքով` մի նժարին դրված է էժան գազի գին, էժան սպառազինություն, հակառակ նժարին` մեր ինքնիշխանությունը. «Իրավիճակը շատ բարդ է, նույնիսկ, ես կհամաձայնեի՝ մենք գազի համար ավելի բարձր գին վճարեինք, բայց մեր սուվերենությունն ավելի բարձր մակարդակի վրա պահեինք՝ նույնիսկ այս տնտեսական բարդ իրավիճակներում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031