2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացեցին դռները՝ ընդունելով առաջին սաներին:
Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բուժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս:
Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ:
Կարդացեք նաև
1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն:
Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:
Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական գնահատեց:
«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը և երեխաները խնամքի կարիք ունեն»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվեց նաև սննդի մատակարարման գործընթացով:
«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը:
Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ