Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է ազնիվ լինեք, այսպիսի նախաձեռնություններն օդից չեն լինում». Արտյոմ Ծառուկյանը՝ Նարեկ Բաբայանին

Մայիս 20,2020 15:14

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Նա առաջարկում է մասնավորեցման ենթակա առողջապահական օբյեկտների հիմնական ուղղության պահպանման հարցը թողնել կառավարության վրա: Ըստ նրա, կան առողջապահական օբյեկտներ, որոնց պրոֆիլը պահպանել պետք չէ ու քանի որ գործող օրենքով պահանջ կա, որ գնորդն անպայման պահպանի այդ օբյեկտների պրոֆիլը, մասնավոր դաշտում որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում, գնորդ չի լինում:

Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարցրեց. «Օրթոպեդիկ կենտրոնը լուրջ ծառայություն է մատուցել, ի՞նչ չափանիշներով եք որոշել, որ ինքը գրավիչ չի՝ եկամուտներով, թե՞ ծառայություններն են թերի, պացիենտների թիվն է պակաս: Մի հատ այդ թվերը մեզ ներկայացրեք, հասկանանք` ինչ է պատճառը, որ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբողջ գիտական կենտրոնին ասում եք՝ գրավչությունը կորցրել է»: Ծառուկյանը դեմ էր, որ միասնական մոտեցում լինի. «Պետք է ազնիվ լինեք, այսպիսի նախաձեռնություններն օդից չեն լինում: Ուրեմն, ինչ-որ տեղ, ինչ-որ մի հիմնարկի հետ կապված եղել է պրոֆիլի փոփոխության անհրաժեշտություն, արդեն իսկ կա խոսակցություն: Կխնդրեմ ասեք, թե կոնկրետ ո՞ր հիմնարկի վերաբերյալ է այդ խոսակցությունը գնում ու այն ներդրողը, որն ուզում է գնել, չի ուզում պրոֆիլը պահպանել»:

Ի պատասխան՝ Նարեկ Բաբայանն ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր մոտեցումները կոնկրետ գնորդով եւ կոնկրետ ինչ-որ մարդկանց շահերով պայմանավորված չեն: Պայմանավորված են պետական շահով»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարեւորեց ԱԺ-ի դերը: Նա ասաց, որ եթե այնպիսի մոտեցում մշակեին, որ ամեն օբյեկտի մասնավորեցման համար պրոֆիլը չպահպանելու հարցը ԱԺ-ում քննարկեին, դա ուրիշ կլինի. «Այս տարբերակով դուք ասում եք՝ դուք լրիվ քաշվեք մի կողմ, թողեք կառավարությունն ինքը որոշի՝ պրոֆիլը պահպանել, թե ոչ ու ինչ անել օբյեկտի ճակատագրի հետ: Ես գտնում եմ, որ այդ մոտեցումը սխալ է, ու այս լուծումն ամենաճիշտը չի: Եթե ուզում եք համագործակցային լինենք, այլ լուծում մտածեք»:

Հետո Թունյանը հարցրեց. «Ես հիշում եմ ձեր հարցազրույցը «Հայփոստի» մասին: Դուք «Հայփոստի»՝ Սարյանի շենքի հարցը ԱԺ-ի հետ քննարկե՞լ եք՝ չեք քննարկել»: Թունյանն առաջարկեց նախագիծը տանել մշակման՝ վստահեցնելով, որ այս տարբերակը, որով ամեն ինչ պետք է իրենք միայնակ որոշեն, ընդունելի չէ:

Նախագիծը քվեարկության չդրվեց՝ հետաձգվելով 2 ամիս ժամկետով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031