«Նման ծավալի զորավարժություններն առանց պլանավորման, կարծում եմ, հնարավոր չէին: Չեմ բացահայտի՝ մենք տեղեկատվություն ունեցե՞լ ենք այս առնչությամբ, թե ոչ, որովհետեւ դա հետաքրքիր կլինի հակառակորդի համար: Բայց այն, որ դրանք չհայտարարված էին, այդպես է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժություններին՝ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Միջազգային պարտավորություններ կան, մասնավորապես՝ Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ է, մի շարք միջազգային փաստաթղթեր է ստորագրել: Բայց մենք սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Հայկական սահմանների համար լարվածություն չի առաջացրել Ադրբեջանի զորավարժությունը՝ ոչ ՀՀ-ի, որ Արցախի»,-նշեց Գաբրիել Բալայանը:
Նա շեշտեց. «Եթե մենք զգանք, որ զորավարժությունները կամ Ադրբեջանի գործողությունները սպառնում են ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությանը, կանխարգելիչ միջոցները ձեռնարկվելու են տեղում՝ առանց վարանելու: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրանից»:
Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, եւ հայկական կողմը մշտապես պատրաստ է հակառակորդի նման գործելաոճին. «Մենք հակառակորդից ամեն ինչ սպասում ենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ