Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի կարող քաղաքի կենտրոնում, Օրբելու վրա շենքը լինի հիվանդանոց, բայց հյուրանոցը տանեն Չարբախում սարքեն». Հայկ Գեւորգյանը՝ Կուրորտաբանության ինստիտուտը վաճառելու մասին

Մայիս 20,2020 14:51

Հա, թող էլի մասնավորեցվի, թող դառնա հյուրանոց, բայց իմանանք, որ այսինչ բուժօգնությունը այլ հիմնարկում կա: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսպես «Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր մտահոգությունն էր հայտնում պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացրած առաջարկի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Բաբայանը քննարկմանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թ. թ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում է մասնավորեցման ենթակա առողջապահական օբյեկտների հիմնական ուղղության պահպանման հարցը թողնել կառավարության վրա: Ըստ նրա` քանի որ պահանջ կա, որ գնորդն անպայման պահպանի այդ օբյեկտների ուղղությունը, պրոֆիլը, մասնավոր դաշտում որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում, գնորդ չի լինում ու, ըստ էության, այդ օբյեկտները չեն էլ սպասարկում, քանի որ պատվեր չունեն, միայն պետպատվերի հույսին են: Բաբայանն ընդգծեց, որ այն օբյեկտները, որոնց պրոֆիլի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի, մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից արդեն հանել են, օրինակ` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտը, Այրվածքաբանության բուժկենտրոնը եւ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնը: Մյուսների դեպքում առողջապահության նախարարությունը որեւէ առարկություն չունի:

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ իսկապես, մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում կան առողջապահական հիմնարկներ, որոնց պրոֆիլն առանց պահպանելու կարելի է օտարել: Բայց կան նաեւ այնպիսի հիմնարկներ, որոնց պրոֆիլը պետք է պահպանվի. «Օրինակ, Օրթոպեդիայի կենտրոնը համաձայն եմ, որ պրոֆիլը պահպանելու կարիք չկա, որովհետեւ մնացած բոլոր խոշոր բուժկենտրոններում այդ ծառայությունները շատ ավելի զարգացած են եւ որակով ծառայություն են մատուցում: Բայց այս պահին այդ հիվանդանոցը սպասարկում է COVID-19-ով հիվանդներին, այսինքն, դրա մասնավորեցման հարցը առնվազն մինչեւ տարվա վերջ քննարկման առարկա չի լինելու»:

Նարեկ Բաբայանն ասել էր, որ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցուցակում է նաեւ Օրբելի փողոցի վրա գտնվող «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը» ու գնորդ է գտնվել, որն ուզում է այդ հիմնարկի տեղը հյուրանոց սարքել: Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այդ կենտրոնը բացառիկ ծառայություններ է մատուցում, ՀՀ-ում հանքային ջրերի նյութաբանական հետազոտություն է իրականացնում եւ միակ ծառայությունն է ՀՀ-ում: Եթե մասնավորեցվում է, պրոֆիլը փոխվում է, պետք է հասկանալ, թե այս ծառայությունն ի՞նչ է արվելու՝ տեղափոխվելու է մեկ այլ վա՞յր, թե՞ վերացվելու է: Կուրորտաբանության կենտրոնը կարող է դառնալ նաեւ վերականգնողական կենտրոն, նաեւ խրոնիկ հիվանդների խնամքի կենտրոն, այսինքն, այն հիվանդների սպասարկման կենտրոն, որոնք երկարաժամկետ հիվանդանոցային բուժօգնություն են պահանջում: Նրանց նկատմամբ կտարվի խնամք, սուր վիճակներում բուժօգնությունը կտարվի այլ հիվանդանոցներ: Նույնը Նեւրոզների կլինիկայի հետ կապված է: Հիմա այնտեղի հիվանդներին ուղղորդում ենք հոգեկան առողջության կենտրոններ, հոգեբուժական կենտրոններում բուժում ստանալու, այնինչ, այդ հիվանդները հոգեկան առողջության խնդիր ունեցող հիվանդներ են, ոչ թե հոգեբուժական ծառայությունների կարիք ունեցող հիվանդներ: Յուրաքանչյուր դեպքի համար, երբ կլինի պոտենցիալ գնորդ, պետք է քննարկվի ԱԺ-ում: Եթե պետք է պրոֆիլը փոխել, թույլ տանք փոխել ու վաճառել: Եթե որոշվի, որ կարիք չկա պրոֆիլը փոխելու, չփոխվի»:

Նարեկ Բաբայանն արձագանքեց. «Բնականաբար, Օրթոպեդիայի հարցը կորոնավիրուսի ժամանակահատվածում չի կարող քննարկվել: Բնականաբար, Կուրորտաբանության ինստիտուտի հետ կապված մեր ցանկությունն է, որ որպես վերականգնողական կենտրոն պահպանվի եւ զարգանա: Հանքային ջրերի հետ կապված, առհասարակ, այդտեղ կա լուրջ զարգացման ներուժ, բժշկական կոլեկտիվ, խոսքը չի գնում այդ ուղղության վերացման մասին: Խոսքը գնում է այն մասին, որ այդ շենքային պայմանները, որոնք կան, հետ են պահել ներդրողին՝ պրոֆիլը պահպանելու դեպքում: Միգուցե այնպես ստացվի, որ օրինակի համար, այդ շենքն այլ նպատակներով օգտագործեն: Եթե հանկարծ լինի որեւէ տարբերակ պահպանելու՝ շատ ավելի լավ»:

Զեյնալյանն ասաց. «Այնպես չի, որ գնորդները հերթ են կանգնել առողջապահական հիմնարկի համար: Եթե որեւէ հիմնարկի մասով այս պահին կառավարությունը ցանկություն ունի մրցույթ հայտարարել, այդ դեպքով այստեղ քննարկենք ու համաձայնություն տանք կամ չտանք պրոֆիլը փոխելու»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը հիշեցրեց, որ նախկինում պետգույքի մասնավորեցումը եղել է 80 տոկոսով պրոֆիլի եւ աշխատատեղերի պահպանման պահանջով, բայց չի պահպանվել. «Լիքը մեխանիզմներ կան, որ գնորդը կարող է պրոֆիլի պահպանմամբ օբյեկտը վերցնի, բայց չպահպանի, կարող է սնանկացման տանի եւ այլն, ու ժամանակին այդ մեխանիզմներից օգտվել են ու դա նորմալ է: Չի կարող քաղաքի կենտրոնում, Օրբելու վրա շենքը լինի հիվանդանոց, բայց հյուրանոցը տանեն Չարբախում սարքեն, չի կարող լինել: Եթե հյուրանոցը սարքվի Օրբելու վրա կամ Մարգարյան հիվանդանոցի տեղը հյուրանոց լիներ, ոչ թե հիվանդանոց, այդ հյուրանոցն այնքան եկամուտ կբերեր, որ երկու հատ նման հիվանդանոց կարելի էր պահել: Այնպես որ, կառավարությանը պետք է տալ այդ ազատությունը, իհարկե, հաշվետվողականության, վերահսկողական մեխանիզմների պահպանմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031