2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ վայրում վիճաբանել են նախկին ամուսինները, որի ընթացքում կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել ամուսնու կրծքավանդակին և որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կարդացեք նաև
30-ամյա տղամարդու կինը հարցաքննվել է, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին