Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն է 2019-ի համեմատ աճել». Արա Գալոյան

Մայիս 20,2020 14:18

Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:

Մեր վիճակագրությունն ամենամսյա պարբերականությամբ իրավախախտումների տվյալներ է հրապարակում: Պարբերաբար նաև տարեկան ամփոփ տվյալներ են հրապարակվում: Վիճակագրությունը համարյա ամեն ինչ համեմատության մեթոդով է ներկայացնում: Նվազագույն համեմատությունը, բնականաբար, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ է բերվում: Օրինակ, 2019թ․ հունվար-մարտ ամիսներին վերահաշվարկված ու ճշգրտված մեթոդաբանությամբ գրանցվել է 6 089 հանցագործություն: Իսկ 2020-ի առաջին եռամսյակի հանցագործությունների քանակը 6 965 է: Պարզ նկատելի է, որ հանցագործությունների աճ է արձանագրվել (մոտ 15 տոկոսի չափով):

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ աճ արձանագրվել են հանցագործությունների 4 հիմնական խմբերով: Խմբեր, որոնք հանցագործության որակավորում են` «ոչ մեծ», «միջին», «ծանր» և «առանձնապես ծանր»: Բոլորի գծով աճը նկատելի է:

2019-ին ոչ մեծ համարվող հանցագործությունների քանակը 3 060 էր, այս տարի`3 616 (հուսով եմ՝ երկնիշ աճը նկատելի է): Միջին գնահատվող 2019-ի 2003 հանցագործությունների դիմաց այս տարի գրանցվել է 2171 քանակ: 2019-ի 964 ծանր հանցագործությունների այս տարվա «համարժեքը» 1 101 է: Առանձնապես ծանր հանցագործությունների համեմատությունն այս է` 77-ը նախորդ տարվա 62-ի դիմաց:

Ասենք, որ հանցագործությունների հաշվառման մեթոդաբանության փոփոխությունը ազդել է (ավելի ստույգ` ավելացրել է) միայն ոչ մեծ գնահատվող հանցագործությունների քանակը: Մյուսների թիվը մնացել է նույնը: Իրավախախտումների վիճակագրության համաձայն՝ նույնիսկ հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակն է երկնիշ աճել: Ճիշտ է հանցագործության այս տեսակը փոքր ցուցանիշ ունի 2019-ի 22 դեպքի դիմաց` 25: «Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ» երկարանուն տողի դիմաց 2019թ․ արձանագրվել էր 941 հանցագործություն, իսկ այս տարի արդեն 1 120:

Հիշեցնենք՝ բոլոր թվերն առաջին եռամսյակի տվյալներ են: Գուցե անպատեհ է նկատել, բայց նույնիսկ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն է 2019-ի համեմատ աճել: Աճել է 1 դեպք-հանցագործությունով: Այս թիվը երկու ընկալում ունի: Երկուսի դեպքում էլ դժվար թե այն իշխանություններին հպարտանալու առիթ տա: Եթե խոսքը նախկին իշխանությունների «կոռուպցիոն բնույթի հանցագործության» մասին է, ապա ընդամենը 1 քրգործով աճը դժվար թե «բավարարի» քաղաքական իշխանություններին: Իսկ, եթե խոսքը նոր իշխանությունների կողմից արձանագրված կոռուպցիոն դեպքի մասին է, ապա դժվար թե դա «գլուխ գովելու» թեմա լինի:

Իրավախախտումների վիճակագրությունը նաև արձանագրում է, որ հանցագործությունների ընդհանուր քանակում աճում է մայրաքաղաքի մասնաբաժինը: 2019թ․ ընդհանուր հանցագործությունների քանակի 48.8 տոկոսն էր «բաժին հասել» Երևանին: 2020թ․ մայրաքաղաքում կատարվել է հանցագործությունների 50.2 տոկոսը:

Միակ դրական փաստը, ցավոք, կապված է համավարակի հետ: Ավելի ճիշտ՝ արտակարգ դրության հետ (այն գործում է մարտի 16-ից): Արդյունքում 23-ով պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները` 327 դեպք 2019-ի 350-ի դիմաց: Կրճատվել են նաև մահվան ելքով պատահարները՝ 42-ը նախորդ տարվա 59-ի դիմաց: Փոխարենը արտակարգ դրությունը դրական իմաստով չի ազդել «կեղծ փողեր կամ արժեթղթեր տպագրելը, պահել և իրացնելը» հանցագործության տեսակի վրա: 2019թ․-ի «դրամանենգության» 63 դեպքի դիմաց այս տարի գրանցվել է 111 դեպք:

Կարծում եմ՝ իրավախախտում-հանցագործությունների ոլորտում երկնիշ աճի այս ցուցանիշն էլ հպարտության առիթ ընկալելը ճիշտ չէ:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031