Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունն ուզում է վաճառել Օրբելիի վրա գտնվող Կուրորտաբանության ինստիտուտն ու տեղը հյուրանոց սարքել՝ առանց հաշվի առնելու բուժհիմնարկի պրոֆիլը

Մայիս 20,2020 14:10

Բազմաթիվ առողջապահական պետական հիմնարկներ տարիներ շարունակ գոյատեւել են միայն պետպատվերի հույսին: Երբ չկա պետպատվեր, չի գործում նաեւ այդ հիմնարկը: Դրանք ընդգրկվել են մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում, բայց քանի որ պահանջ կա, որ գնորդն անպայման պահպանի այդ օբյեկտների ուղղությունը, պրոֆիլը, մասնավոր դաշտում որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում, գնորդ չի լինում:

Այսօր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի մասին» օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում է մասնավորեցման ենթակա առողջապահական օբյեկտների հիմնական ուղղության պահպանման հարցը թողնել կառավարության վրա: Կառավարությունը կորոշի թե՛ աշխատողներին 6 ամիս պահպանելու խնդիրը, թե՛ պրոֆիլը պահելու խնդիրը: Բաբայանի խոսքով՝ այդ օբյեկտները կարող են հետաքրքրություն ներկայացնել՝ որպես բիզնես օբյեկտ, ոչ թե որպես առողջապահական հիմնարկ. «Անցնող տարվա ընթացքում 3 փոփոխություն ենք կատարել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ միայն առողջապահական ընկերությունների հետ կապված: 3 առողջապահական հիմնարկ դուրս եկավ ցանկից: Դրանք են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտը, Այրվածքաբանության բուժկենտրոնը եւ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնը: Մյուսների դեպքում ունենք ոչ այդքան նպատակահարմարութուն, ունենք ոչ այդ աստիճանի հետաքրքրվածություն: Ունենք նաեւ վատ փորձ, օրինակ, Դիլիջանում առողջապահական հիմնարկի հետ կապված, որը չի կարողանում պահպանել պրոֆիլը: Պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի սահմանաչափը նվազեցրել է ու պարտավորությունը չի կարողանում կատարել: Հիմա դատական քաշքշուկների գործընթացում ենք: Մյուս ընկերությունների մասով, որոնք մնացել են ցանկում, վառ օրինակ ներկայացնեմ՝ Նորք Մարաշի Օրթոպեդիայի կենտրոնը: Ժամանակին, երբ այդ կենտրոնը հիմնադրվել է, յուրահատուկ ծառայություն է դա եղել, միայն այդ կենտրոնում են մատուցվել նման ծառայություններ: Հիմա գիտենք, որ գրեթե բոլոր հիվանդանոցներում, բուժհիմնարկներում այդ ծառայությունը կա ու ինքը արդեն կորցրել է իր արդիականությունն ու գրավչությունը: Հիմա մենք ունենք խնդիր: Կան մասնավորեցման ցանկում ներկայացված ընկերություններ, որոնք մենք պարտավոր ենք մասնավորեցնել, որոնք այդքան գրավչություն չունեն, հետաքրքրություն չեն առաջացնում: Որեւէ հիմք չեն տալիս ներդրողներին լինել վստահ: Այս դրույթը, որ պրոֆիլը պետք է չփոխվի, մենք առաջարկում ենք հանել, 2017-ին է դա մտել ուժի մեջ»:

Բաբայանն ասաց, որ ստացվում է, որ մասնավորեցվում է գույքը, սեփականատերը մի որոշ ժամանակ պահպանում է պրոֆիլը, հետո տեսնում է, որ այլեւս չի կարող այդպես, նորից վաճառում է իր բաժնետոմսերը: Միեւնույն է, այդ առողջապահական օբյեկտն էլի չի սպասարկում: Երբ մենք չենք կարողանում պահպանել դրանք, լուծարվում է օբյեկտը. «Մասնավորապես, «Օշական մանկական վերականգնողական կենտրոնը», «Երեւանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն որեւէ գրավչություն չեն ներկայացրել, գնացել են լուծարման»:

RA NA Standing Committee on Economic Affairs holds a briefing at the RA National Assembly

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ ո՞ր առողջապահական օբյեկտներն են, որ հիմա ընդգրկված են մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում ու կարող է վաճառվեն՝ առանց պրոֆիլը պահպանելու ու ովքե՞ր են գնորդները: Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Հիմնականում այս խնդիրը ծագել է ե՛ւ Նեւրոզների կլինիկայի հետ կապված, ե՛ւ Օրթոպեդիայի հետ կապված: Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տվել, որ պրոֆիլի պահպանման որեւէ կարիք չկա»: Հետո Նարեկ Բաբայանը բացեց փակագծերը: Ցուցակում է նաեւ Օրբելի փողոցի վրա գտնվող «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը» ու գնորդ է գտնվել, որն ուզում է այդ հիմնարկի տեղը հյուրանոց սարքել:

Նեւրոզների կլինիկան այսօր դրված է մրցույթի՝ պրոֆիլի պահպանման պահանջով, բայց Բաբայանը հույս չունի, որ որեւէ արդյունք կունենան ու մրցույթը կկայանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031