Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարահայ գործարարը Գյումրու պատմական կենտրոնում շենքեր է գնել, որոնց թվում՝ հին բաղնիքը

Մայիս 20,2020 13:53

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը տեղի մի քանի գործարարների հետ քաղաքի պատմական հատվածում՝ «Կումայրի արգելոց-թանգարան»-ի տարածքում մի քանի կառույցներ է ձեռք բերել՝ հյուրանոցներ ու հյուրատներ կառուցելու նպատակով։ Իհարկե, դեռ վերջնական շինթույլտվություն տրված չէ, սակայն ընթացքի մեջ է։

«Պատմական Ռուսթավելի փողոցի վրա Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հարևանությամբ կառույց են ձեռք բերել, թույլ ենք տվել, որ մաքրման աշխատանքներ անեն։ Գնել են նաև Աբովյան ճեմափողոցի վրա գտնվող հին ԿԳԲ-ի շենքը, այսինքն՝ երիտասարդական պալատի դիմացի հատվածը։ Այնտեղ ևս մաքրման աշխատանքներ են ընթանում։ Աբովյանի ճեմափողոցում գտնվող հին բաղնիքն են գնել, ուզում են հետևի մասով միացնեն, որպեսզի առաջվա ավանդական բաղնիքը վերականգնվի»-տեղեկացրեց քաղաքապետը։

Գյումրու քաղաքապետն ասաց, որ շվեյցարահայ գործարարը տեղի գործարարի հետ մտադրված է նաև բնակարանային շինարարություն անել, որոշակի ծրագրեր ունի Օզանյան փողոցի ու Ղարսի խճուղու հետ կապված։

Մենք Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե Վարդան Սրմաքեշի հետ որևէ զրույց ունեցե՞լ է ՝ կապված «Սաստեքս» կարի արտադրամասի շուրջ բարձրացված աղմուկի, բանվորների բողոքի ու փակման մասին։

Քաղաքապետն ասաց, որ նրա հետ անձամբ զրույց չի ունեցել, սակայն խոսել է նրա ներկայացուցչի հետ։ Վերջինս պարզաբանել է, որ որակյալ բանվորներ չեն կարողացել գտնել ու այն ֆիրման, որի հետ պայմանագիր էին կնքել՝ հետ է ուղարկել անորակ կարած ապրանքը, այդ պատճառով էլ առաջացել է հակադրություն բանվորների և ղեկավարության միջև։

Սամվել Բալասանյանն ասաց, որ չի ուզում մտնել բանվորների ու Սրմաքեշի ներկայացուցչի վիճաբանության մեջ, քանի որ բանվորներն այլ բան են ասում, ղեկավարն՝ այլ։

«Սրմաքեշը ստեղծեց, տվեց գումարը, պետությունը հանձնեց իրենց հին հիվանդանոցի շենքը։ Չէի ասի, թե մեքենաները տարել են այնտեղից, բայց գիտեմ, որ նոր թիմ են հավաքում, որպեսզի նորից աշխատեն։ Սա է իմ տեղեկատվությունը, ես գիտեմ, որ մեքենասարքավորումները չեն տարել։

Ինձ համար կարևոր կլինի, որ գործարանի մյուս շենքներն էլ գործարկվեին, աշխատատեղերն ավելանային, մոտ 400 աշխատատեղեր ստեղծեին, որի մասին իրենք պայմանավորվել էին մեզ հետ։ Սա պետության խնդիրն է, պետությունը պայմանագիր է կազմել, այդ շենք-շինությունները կառավարությունն է տվել իրենց, իրենք երևի թե կբանակցեն»,-ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031