Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին ամբաստանյալներից ներկա էին գերազանցապես միայն կալանքի տակ գտնվողները: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց`դատարանը ծանուցումներ էր ուղարկել բոլոր ամբաստանյալներին եւ նրանց պաշտպաններին, որ ներկայանան դատարան: Սակայն ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Կյուրեղյանը եւ Սեդրակ Նազարյանը չէին ներկայացել: Դատարանը միջնորդություն էր ստացել այս ամբաստանյալների շահերի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանից եւ Մուշեղ Շուշանյանից` գործի քննությունը հետաձգելու մասին`մինչեւ արտակարգ դրության ժամկետի ավարտը: Պաշտպանները նշել էին, որ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակով, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից`հենց սահմանափակումների վերացման արդյունքում: Նրանք նաեւ հավելել էին, որ դատական նիստերի դահլիճը եւ նիստի մասնակիցների քանակը չեն համապատասխանում պատշաճ սոցիալական հեռավորություն պահելու պարետի պահանջին:
Դատախազը առարկեց միջնորդության դեմ`հանրային գերակա շահ կա:
Այս դիրքորոշումը կիսում են նաեւ տուժողների իրավահաջորդները` նկատելով, որ 2016-ին այս խմբավորման անդամները մտան ՊՊԾ գունդ`ոչնչից չվախենալով եւ պատրաստ էին այնտեղ զոհվել. «Հիմա այս վիրուսի՞ց են վախենում»:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ առարկեց`նկատելով, որ տեւական ժամանակ նիստերն այս պատճառաբանություններով հետաձգվում են: Նա հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ այս նույն դահլիճում Ռոբերտ Քոչարյանի գործով նիստն էր`ավելի բազմամարդ: «Ես տարիներ շարունակ գտնվում են կալանքի տակ, ի վերջո, իմ մեղքը պիտի պարզվի՞, թե՞ ոչ: Ես կողմ եմ, թող լինեն դատական նիստերը, որպեսզի ես հաստատեմ իմ արդարությունը»,- ասաց նա`խոսքն ուղղելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված Գագիկ Մկրտչյանի հարազատին. «Ուզում եմ ասել, որ ես բացարձակ կապ չունեմ Գագիկ Մկրտչյանի թե վիրավորման, թե մահվան հետ: Եվ ընդհանրապես, ես բացարձակ այնտեղ չեմ գտնվել: Ասել եմ եւ ասում եմ`բոլորին ճանապարհ եմ թողել, մի ոտքի ճանապարհ, որ խելքի գան, բայց ոնց հասկանում եմ`խելքի չեն գալիս: Այդ ճանապարհը շուտով պետք է փակել: Ես իմ կյանքից անարդարությանը տարիներ շարունակ նվիրել եմ: Հիվանդ քույր ունեմ, հիվանդ մայր ունեմ: Իմ տղամարդկությունը շատ-շատ ա, ես հզոր տղամարդկություն ունեմ, բայց ես հզոր չեմ մարդկանց կեղծիքը պարտակելու: Ժամանակն է արդարություն կայացնելու: Ես չեմ վախենում իմ արդարությունից»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն էլ կողմ է, որ նիստերը շարունակվեն: «Որպես փորձառու դատավոր, ձեզ համար էլ տեսանելի է ճշմարտությունը: Ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ, երբ որ մարդիկ, որպես արդարության մարտիկ`մահվան բոլոր տեսակների վրա թքած ունենալով, ինչ-որ մի կորոնավիրուսից խրտնո՞ւմ են: Ես սա համարում եմ համաշխարհային բլեֆ, մենք էլ այս բլեֆը ավելի գեղեցիկ զարդարելու միջոց ենք հնարել`օրը մի ձեւի ծալվում ենք, հարմարվում ենք: Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում իշխանության չկա: Իշխանությունն ընկած է ոչ թե գետնին, այլ կեղտի մեջ: Այս իրավիճակում, միակ հույսներս մինում է ձեր փորձառու դատավոր լինելը…»: Դատավորն ընդհատեց Պավլիկ Մանուկյանի ճառը`հորդորելով բացառապես միջնորդության մասին դիրքորոշում հայտնել:
Պավլիկ Մանուկյանը շարունակեց`հիշելով, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դեռ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցել էր. «Դուք ձեզ պետական դավաճան զգում ե՞ք», ինչի համար պատժվեց եւ 16 ժամով արտաքսվեց դատարանի դահլիճից: «Ու՞ր է հիմա այդ ոստիկանապետը…»,- հարցրեց Պավլիկ Մանուկյանը: Դատավորը կրկին ընդհատեց`հորդորելով որեւէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
Ամբաստանյալներից միայն Սմբատ Բարսեղյանն էր կողմ, որ գործով նիստերը հետաձգվեն`մինչեւ արտակարգ դրության ավարտը, քանի որ «անիմաստ մահը անիմաստ է համարում» եւ տվյալ պարագայում, իր համար կապ չունի թե կառավարությունն ինչպե՞ս է աշխատում:
Դատավորը նկատեց`նախորդող մի քանի դատական նիստեր չկայացան`կապված համավարակով: Դրանք դատարանն արդարացված է համարում, քանի որ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ կային, իսկ այժմ դատարանը որեւէ խոչընդոտ չի տեսնում, քանի որ սահմանափակումները վերացված են եւ այդ թվում նաեւ դատարանները կարող են նորմալ աշխատել: Մեսրոպ Մակյանն «առարկայազուրկ, անտրամաբանական» է համարում պաշտպանների միջնորդություններում բերված փաստարկները, երբ տրանսպորտը, առեւտրի կենտրոնները եւ այլ հանրային օբյեկտներ աշխատում են:
Դատավորը նաեւ տեղեկացրեց, որ դատարանի նիստերի դահլիճը 120 մետր քառակուսի է, օդափոխվող պատուհաններով, իսկ տարածքում 15 հոգուց ավելi մարդ ներկա չի լինում: Դատավորը նկատեց, որ այս նույն դահլիճում, Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերին, երբ ավելի շատ մարդիկ են ներկա լինում, նույն Տիգրան Եգորյանը ժամերով մասնակցում է նիստերին` իբրեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «նորմալ նստում է այս աթոռին, իր կարծիքներն է արտահայտում»: Ուստի նրա դիրքորոշումն ու մոտեցումը դատարանը չի հասկանում:
Դատարանը որոշեց անհարգելի որակել ամբաստանյալների չներկայանալը դատարան եւ հաջորդ նիստին ոստիկանության միջոցով բերման ենթարկել ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին եւ Սեդրակ Նազարյանին:
Նիստերը կկայանան նույն պարբերականությամբ`ամեն չորեքշաբթի օրը ժամը, 11.00-ին:
Հիշեցնենք, այսօրվա նիստում դատարանը պետք է կրկին քններ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի խափանման միջոցները փոխելու հարցը: Նախորդ նիստում այս միջնորդությունները մերժվել էին եւ որոշվել էր կրկնին քննել դրանք:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ