Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզնից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ». Արթուր Դանիելյանը՝ իր հարցաքննության մասին

Մայիս 20,2020 13:25

«Ինչպես և ակնկալում էի՝ տեղի ունեցող գործընթացը իշխանության կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր»,- քիչ առաջ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նշենք, որ նա հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին բացատրություն տալու:

Իսկ մինչ նա հարցաքննվում էր, ոստիկանության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Արթուր Դանիելյանի շուրջ 20 աջակիցների՝ պատճառաբանելով, թե պարետի որոշմամբ չեն թույլատրվում 5-ից ավելի անձանց կուտակումները:

Արթուր Դանիելյանն ասաց, որ իրեն հարցաքննության կանչելը կապ ունի իր՝ մաքսանենգ ճանապարհով տոննաներով ծխախոտ Հայաստանից դուրս բերելու գրառման հետ:

Նա նշեց. «Մեզնից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որն առանձնահատուկ ցինիկ կերպով կազմակերպվեց վերջին ամիսներին: Խոսքը ծխախոտի և ադամանդի ապօրինի ներմուծման մասին էր ՌԴ»:

Ըստ Արթուր Դանիելյանի՝ ունենք փաստացի ֆիքսված ինքնաթիռներ մի քանի երկրներով, ունենք մաքսանենգ բեռ, բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, բայց չգիտես ինչու իրավապահները ոչ թե հարցաքննում են օդաչուներին, կարգոաշխատողներին, մաքսավորներին, այլ կանչել են հարցաքննության ֆեյսբուքյան այն օգտատերերին, որոնք ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել: Նա հայտարարեց. «Եթե երկրից կարանտինի օրոք տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, առնվազն պետք է մաքսայինի, հարկայինի պետի, Տաթևիկ Ռևազյանի լիազորությունները կասեցվեին, բայց որևէ քայլ չի ձեռնարկվել, չեն էլ փորձում պատժել մեղավորներին»:

Արթուր Դանիելյանը տեղեկացրեց, որ ոչ մի բացատրություն չի տվել, միայն նշեց, որ իր գրառման հետ է կապված իրենց հարցաքննության հրավիրելը: Նա այս առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին չի հավատում: Լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Ես ո՞նց հավատայի՝ զուտ իր խոսքերի՞ն: Ես արդեն մի չորս տարի առհասարակ չեմ հավատում նրան, քանի որ շատ լավ ծանոթ եմ այդ մարդուն: Որևէ հակափաստարկ Փաշինյանի շուրթերից չեմ լսել, հերթական մանիպուլյատիվ շանտաժային բնույթի ելույթն եմ տեսնում: Նա շարունակում է պնդել, որ եթե իրենք հեռանան իշխանությունից, կգան նախկինները: Սա իր միակ ասելիքն է մնացել: Մաքսանենգություն է տեղի ունեցել, և հայկական որոշ շրջանակներ դրա մասնիկն են կազմել»:

Խոսելով իրեն աջակցության եկած անձանց բերման ենթարկելու մասին՝ Արթուր Դանիելյանն ասաց. «Ոստիկանության՝ պետական ռեպրեսիվ ապարատը անտաղանդ շահագործելու մոլուցքը նորաթուխ իշխանություններին բնորոշ բան է: Քաղաքական որևէ էֆեկտ այն չի ունենա, կարծում եմ միայն բացասական: Ոչ տանել-բերելով, ոչ էլ ազատազրկելով ՀՀ-ում ազատ խոսքի հարցը չեն կարողանալու լուծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031