Քիչ առաջ ՀՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մոտից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակիցներ:
Ոստիկանները նրանց հորդորեցին լքել տարածքը, քանի որ ՀՀ պարետի որոշմամբ՝ թույլ չեն տրվում հինգ հոգուց ավելի անձանց կուտակումները, և հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորություն:
Սոցիալական հեռավորություն պահպանելու մասին հորդորներ հնչեցրեց նաև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Այս ամենից հետո ոստիկանները հավաքված բոլոր անձանց բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ այդ մարդկանց չի ճանաչում, հետևաբար չի կարող գնալ և հրահանգել նրանց, որ լքեն տարածքը: Նա ասաց, որ այդ անձինք, կարդալով, որ «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը հրավիրվել է հարցաքննության ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին՝ ի աջակցություն նրա հավաքվել են այստեղ:
Նշենք, որ անձանց բերման ենթարկելու առիթով հայտարարություն տարածեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ տեղեկացնելով արագ արձագանքման այցի մասին: Հայտարարությունում նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ