Զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները ողջունում են 2020 թվականը ներքին զբոսաշրջության տարի հայտարարելու գաղափարը, բայց զուգահեռ մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնում, որոնց թվում նաև ոլորտին առնչվող չլուծված հիմնահարցեր կան:
«Արշավներ ակումբի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ 2019 թվականին ներքին տուրերով զբաղվող ընկերությունները բարձր մակարդակով հասցրել են սպասարկել թե՛ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին, թե՛ Հայաստանում ապրող քաղաքացիներին.
«Բայց եթե հիմա բոլոր ընկերություններն ու ծառայություն մատուցողները վերապրոֆիլավորվեն դեպի ներքին տուրիզմ, հաշվի առնելով նաև այն, որ սփյուռքից հոսքեր քիչ են լինելու, շուկայի լճացում ենք ստանալու: Եթե մինչ այս X թվով գործակալություններ էին սպասարկում ներքին տուրիզմը, հիմա դառնալու է X անգամ 7 կամ այլ թիվ: Այստեղ նաև որակի խնդիր է առաջանալու, որովհետև շատ կարճ ժամանակում վերապրոֆիլավորված ընկերությունը չի կարող ցույց տալ այն մակարդակը, որը ցույց կտար բազում տարիներ այդ ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունը:
Ու քանի որ չունենք լավ օրենքներ, չկա նաև տուրիզմը վերահսկելու ոչ մի մեխանիզմ ու կառույց, շուկայում քաոս է առաջանալու: Մենք ուրախ ենք, որ ներքին զբոսաշրջության վրա շեշտ է դրվում, բայց շատ կարևոր է, որ այդ ամենը լավ համակարգվի: Կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ամեն ԱՁ բացողը չկարողանա դառնալ տուրիստական ընկերություն: Ընդհանուր առմամբ, տարբեր մոտեցումներ են պետք, որ ճիշտ ուղղության վրա գանք, իսկ հիմա ոլորտը բարձիթողի վիճակում է»:
Կարդացեք նաև
Ռուբեն Բաղդիշյանը շեշտեց՝ անկասկած պետք է զարգանա ներքին տուրիզմը, բայց զարգացման համար պետք է ճիշտ ստրուկտուրա որդեգրվի. «Ոլորտը պետության կողմից ամեն կերպ պետք է վերահսկվի, ու անգամ շատ խիստ պատժամիջոցներ պետք է լինեն, որ ոչ ոք չփորձի դրանք շրջանցել: Այդ դեպքում լավ մասնագետների աջակցությամբ մենք կկարողանանք զարգացնել ներքին տուրիզմը»:
Ռուբեն Բաղդիշյանն էլ հավելեց, որ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու վերաբերյալ աջակցության փաթեթներում ներառված չէր ամենակարևոր կետը: «Խոսքը բիզնես վարկերի մասին է: Փաստացի, պետությունը տնտեսվարողի կողքին չկանգնեց: Եթե բոլոր հարցերով կանգնում ես տնտեսվարողի կողքին, բայց բիզնես վարկերը մնում են գոյություն չունեցող տուրիզմի հույսին, միևնույն է, նա այդ վարկը չի կարող վճարել: Իսկ եթե չվճարեց բիզնես վարկը՝ մնացած բոլոր միջոցառումները զրոյի են հավասարվում: Մեր ընկերությունը օգտվել է միջոցառումներից: 3-րդից ստիպված օգտվեցինք, քանի որ այլ ելք չունեինք՝ պետք է վճարեինք մեր հարկերը: Բայց երրորդով, փաստորեն, պետությունը մեզանով իր հարցերն է լուծում, բայց մեր հարցերին լուծում չի տրվում»,-եզրափակեց Ռ. Բաղդիշյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: