Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտքարտուղարը գովեց Անդրանիկ Քոչարյանի որդուն. «Ատենախոսությունը պլագիատ լինել չէր կարող լինել»

Մայիս 20,2020 12:25

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին գիտությունների թեկնածուի աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի՝ ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում գրելուց մեկ օր անց: Նաեւ նշվում է, որ Լևոն Քոչարյանը ՀՊՏՀ-ում է պաշտպանել ատենախոսությունը, իսկ այդ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Դիանա Գալոյանը Սմբատ Գոգյանի բնորոշմամբ, «համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»:

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Լիանա Գրիգորյանից հետաքրքրվեց՝ կապ կա՞ ԲՈԿ նախագահի հրաժարականի եւ ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ երկու զորակոչ բաց թողած որդուն, Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրն իսկ գիտական աստիճան շնորհելու մեջ:

Տիկին Գրիգորյանը պատասխանեց, որ որեւէ կապ չկա: «Լեւոն Քոչարյանի պաշտպանությունը տեղի է ունեցել երեք ամիս առաջ: Պաշտպանությունն անցել է բարձր մակարդակով, ամենայն ազնվությամբ տղան իրոք գրագետ է, եւ ատենախոսությունն էլ բարձր մակարդակի էր: Ամեն ինչ ըստ կանոնակարգի է անցել, բնականաբար հաստատումը ժամկետի մեջ պետք է լիներ: Պաշտպանությունը փետրվարի 20-ին էր, հաստատումը եղել է մայիսի կեսին: Կրկին ուզում եմ հավաստիացնել, որ աշխատանքի որակը բարձր էր, պլագիատ լինել չէր կարող, տղայի ատենախոսության պաշտպանությունը հոր հետ կապ չունի»,-ասաց Լիանա Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը՝ երիտասարդը այդ հիմքով հնարավոր է ազատվի զինվորական ծառայությունից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը պատասխանեց. «Ես խորհրդի գիտքարտուղարն եմ, բայց տարկետման մասին օրենքը մի քիչ լավ չեմ հասկանում, հավաստի չեմ կարող ձեր հարցին պատասխանել: Միայն կարող եմ ասել, որ տղայի գիտելիքները բարձր մակարդակի էին, ատենախոսության որակը՝ նույնպես: Այն համապատասխանում էր հաստատման չափանիշներին»:

Հարցրինք, թե իրենց խորհրդում քանի՞ պաշտոնյա կամ պաշտոնյայի զավակ է պաշտպանել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը պատասխանեց, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում, տվյալներ չունի. «Ինձանից առաջ ամենաակնառուն Տարոն Մարգարյանի դեպքն է՝ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման օրոք»:

Հավելենք, որ Լեւոն Քոչարյանի ատենախոսության սեղմագիրը դրված է Տնտեսագիտական համալսարանի կայքում, այն «Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կատարելագործման ուղիները ՀՀ-ում» թեմայով է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031