Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. Ողջունելի է, որ չներդրվեց անցումային արդարադատության ձևաչափը. «Փաստ»

Մայիս 20,2020 12:35

Անկողմնակալ դատական համակարգ ունենալու կոչերն ու գերնպատակը ի չիք դարձան ուղիղ մեկ տարի առաջ, երբ ուղղակիորեն հարված հասցվեց դատական իշխանության անկախությանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ 2019թ. մայիսի 20-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում տեղի ունեցավ, որը, նրա բնութագրմամբ, աննախադեպ էր իրավական անվտանգության տեսանկյունից:

«Ես այս համատեքստում եմ գնահատում նաև այսօր իշխող ուժի կողմից հնչող այն հայտարարությունները, թե իրենց գերնպատակը անշահախնդիր ու անաչառ դատական համակարգ ունենալն է, ինչն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Դատական իշխանության անկախության իմաստը հենց այն է, որ իշխանության մյուս երկու՝ օրենսդիր և գործադիր ճյուղերը միջամտության որևէ փորձ չկատարեն, բայց մենք անընդմեջ հակառակին ենք ականատես լինում:

Ընդհանուր առմամբ, այո, 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո դատական իշխանության անկախությունը ապահովելու հնարավորություն կար, սակայն այդ հնարավորությունը ձախողվեց»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով նաև որոշ դատավորների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու դեպքերը:

«Ինչ վերաբերում է ընդհանուր համակարգային բարեփոխումներին, ապա նկատենք, որ վերջերս մի շարք ՀԿ-ների կողմից կրկին փորձ է արվում վեր հանել, այսպես կոչված, վեթինգի թեման, ինչը պատահական չէ: Հիշենք, որ նախորդ տարի թե՛ վեթինգի, թե՛ անցումային արդարադատության թեման կրկին արծարծվել էր:

Այս պարագայում կիսում եմ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-նշեց նա՝ հավելելով՝ ողջունելի է, որ չներդրվեց անցումային արդարադատության ձևաչափը: Նա շեշտեց, որ այդ ձևաչափը ներդրվում է, օրինակ՝ հետպատերազմական պետություններում, որոնցում իրավական համակարգը խարխլված է կամ գոյություն չունի:

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները որակելով որպես հակասահմանադրական, հիշեցնելով նաև մինչ այս առկա զարգացումներն ու միջազգային կառույցների արձագանքները՝ մեր զրուցակիցը խոսեց արդեն ներկայիս փուլի մասին:

«Յուրաքանչյուր ողջամիտ անձ կկիսի այն կարծիքը, որ ՍԴ-ն ներկայում իրենց համար վեցերորդական խնդիր է: Բայց՝ ոչ: Իրենք ամեն դեպքում առաջ են մղում այս հարցը՝ այն դիտարկելով որպես իրենց օրակարգի առաջնահերթություն, որին ուզում են ամեն կերպ լուծում տալ: Այս պարագայում` ակնհայտ է, որ կրկին հակասահմանադրական մեխանիզմների են դիմելու. ԱԺ-ի միջոցով փորձելու են լուծել ՍԴ դատավորների պաշտոնավարման հարցը»,-նշեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031