ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Զբաղվածության մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ օրինագծով կառավարությանը եւ զբաղվածության պետական գործակալությանը լրացուցիչ լիազորություններ են տրվում. «Առաջարկվում է նաեւ մանկատան շրջանավարտ հանդիսանալը եւ մարտական գործողությունների մասնակցի, զոհվածի ընտանիքի անդամ լինելը դիտարկել որպես առավելություն՝ զբաղվածության բնագավառում: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներին նույնպես սա վերաբերում է: Զբաղվածության ծրագրերը պետք է ուղղված լինեն այս անձանց, որպեսզի աշխատաշուկայում կարողանան իրենց տեղը գտնել, նոր բան սովորել: Աշխատանք փնտրող անձի իրավունքների շարքում ավելացնելու ենք հնարավորություն, որով նրանց աշխատանքի տեղավորելիս գործատուն միանվագ փոխհատուցում կստանա: Սրա նպատակն է՝ զբաղվածության ծրագրեր ունենալ այն դեպքում, երբ գործատուն աշխատանքի է ընդունում աշխատաշուկայում ոչ մրցունակ քաղաքացիներին: Սրա համար նախատեսվում է ունենալ զբաղվածության ծրագիր, որով գործատուներն աշխատանքի կընդունեն որոշակի խմբերի գործազուրկ քաղաքացիներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ