«Առողջապահության նախարարը, կառավարությունը շատ ճիշտ, հրաշալի որոշում են կայացրել։ Կարելի էր այդ որոշումն ավելի վաղ կայացնել»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով նախարարի այն որոշմանը, ըստ որի՝ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։ Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:
Նախկին նախարարը շատ ճիշտ է համարում նաև բոլոր տեսակի սահմանափակումները հանելը։ Նրա խոսքերով՝ հենց այս որոշման արդյունքում է, որ աշխարհի շատ երկրներում արդեն կայունացման պրոցես է գնում, կամ հիվանդությունը նահանջում է։ «Պատվաստանյութ կա, դեղամիջոց կորոնավիրուսի դեպքում չկա, մեծ թվով վարակվածության աստիճան կա։ Այսինքն՝ այդ հասարակություններում ստեղծվեց անընկալ մի շերտ, որը արդեն հարուցիչ է ընդունել, հիվանդացել է, և այդ շերտով մի պատնեշ է ստեղծվում, որից հետո դեպքերը սկսում են նվազել։ Այսինքն՝ մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով՝ բացվենք, որ մեր հասարակության շրջանում էլ այդ պատնեշը ստեղծվի, ու հնարավոր լինի գնալ դեպի հիվանդացության նվազում։ Այնպես որ, ես բոլոր տեսակի սահմանափակումները հանելը շատ դրական եմ գնահատում։ Վարակվածության դեպքում այս վիրուսը դուրս կգա, կվերափոխվի սեզոնային գրիպի, էլի կհիվանդանանք ու ավելի թույլ կլինի այդ վարակը, կստեղծվի հակավիրուս, ու վերջապես պանիկան կանցնի։ Այնպես որ, ես ողջունում եմ նախարարության որոշումը, շատ գրագետ որոշում է կայացված։ Պարզապես մեր հանրությունը պետք է մի քիչ զգոն լինի, շրջեն դիմակներով, պահպանեն հեռավորություն, խուսափեն մեծ հավաքներից։ Ամեն ինչ շատ պարզ է»,- եզրափակեց Արարատ Մկրտչյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: