Հարցազրույց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ
– Վերջին երկու օրերին Դուք անսպասելի գրառումներ եք անում։ Օրինակ, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, եւ այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Երեկ էլ գրել էիք․ «Մինչեւ հիմա խորովածի (ռեֆորմների) հանձնաժողով չի՞ ձեւավորվել»։ Դուք ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանից հիասթափվածների շարքում եք, բայց երեկվանը շատ կոշտ էր, ինչո՞վ էր պայմանավորված այս վերջին գրառումը։
– Պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսով ու ռեֆորմների նկատմամբ իր մոտեցմամբ, որը նա ներկայացրեց խորովածի օրինակով, թե ինչու պետք չեն այդ փոփոխություններն ու ռեֆորմներն անել արագ։ Որովհետեւ խորովածն այրվում է եւ այլն, եւ այլն։ Ստացվում է՝ 2 տարի նստել ենք, սպասել էդ խորովածին, ու դեռ մի բան էլ նոր հանրային պահանջ պետք է լինի։ Սա աբսուրդ է եւ սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ռեֆորմներից։ Ու դա ինձ հունից հանեց։
– Իսկ ծխախոտի հետ կապված բացահայտումները՝ արդեն մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է ձերբակալվում։ Այս փաստերն ավելի վախենալու ու հունից հանելու չե՞ն։
Կարդացեք նաև
– Ասել, որ հեղափոխությամբ Հայաստանում հանցագործությունն իսպառ պիտի վերանար, իհարկե, դա միամտություն կլիներ, ու բնական է, որ նրանք, ովքեր գործել են հանցագործություններ, նրանք պիտի փորձեին խուսափել դրանից, նրանք, ովքեր նոր «հնարավորություններ» կտեսնեին էս հեղափոխության մեջ, կփորձեն օգտվել էդ հնարավորություններից եւ հանցագործ ճանապարհով մեծ գումարներ վաստակել։ Պարզ է, որ ոչ բոլոր պաշտոնյաներն էին լինելու բարեխիղճ եւ տրվելու էին կառավարման այդ գայթակղությանը՝ ունենալով ավելի լայն լծակներ, քան երբեւէ։ Ու էդ ամենն ընդունելի է, հասկանալի, ու բնական է, որ պիտի լինեն, բայց հարցն այն է, թե մենք ինչպես ենք դրա դեմ պայքարում եւ ինչ հիմքեր ենք դնում՝ հետագայում դրանք նվազեցնելու ու դրանցից խուսափելու համար։ Էդ հիմքերը պետք է դրվեն ռեֆորմների միջոցով, որոնք, ցավոք սրտի, էսօր ոչ մի կերպ չեն արվում։ Ավելին՝ պարզվում է, որ հեղափոխությունից հետո 2 տարի անց պետք է հանրային պահանջ ձեւավորվի, որպեսզի կրթական, դատաիրավական համակարգում բարեփոխումներ լինեն։ Պարզվում է՝ վեթթինգը, որ հնչել է հեղափոխության ամբիոնից, հիմա չենք անում, որովհետեւ դա պետք է Սահմանադրության հետ փոխվի, իսկ Սահմանադրությունը չենք փոխում, որովհետեւ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ չի տալիս։ Այսինքն՝ ամեն կերպ խուսափում ենք ռեֆորմներից, ինչն ինձ շատ խիստ անհանգստացնում է։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: